Թե ինչպե՞ս «Հայֆիլմի վերածնունդ»-ը հայտնաբերեց «Հեղնար աղբյուր»-ի տարածքն ու դերասանուհի Յուլիա Ռուստամյանին. մանրամասնում է Հայկ Բաբայանը

Թե ինչպե՞ս «Հայֆիլմի վերածնունդ»-ը հայտնաբերեց «Հեղնար աղբյուր»-ի տարածքն ու դերասանուհի Յուլիա Ռուստամյանին. մանրամասնում է Հայկ Բաբայանը

Աղբյուրներ կառուցող Մկրտիչի երիտասարդ կինը՝ Հեղնարը, սիրահարվում է մեկ ուրիշին։ Կնոջ մահվանից հետո վարպետը նրա հիշատակին հատուկ հնարքով աղբյուր է կառուցում, որի ջուրը հոսում է միայն իր համար… Սցենարը, կարծում եմ, բոլորին է ծանոթ՝ 1970 թվականին նկարահանված «Հեղնար աղբյուր» ֆիլմն է, որի աղբյուրի տարածքն օրերս հայտնաբերեցին «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության անդամները:

«Այդ տարածքը Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում է: Հայտնաբերել ենք Մարմաշեն վանական համալիրի հսկիչների և գյուղի բնակիչների օգնությամբ, ովքեր շատ լավ տիրապետում են թե՛ տեղանքին, թե՛ այդ տեղի հետ կապված որոշակի ինֆորմացիայի: Ընդհանրապես, այս գործում ներգրավվել են բոլոր նրանք, ովքեր հստակ ինֆորմացիա ունեն՝ որտեղ է նկարահանվել այդ լեգենդար, ազգային ֆիլմն ու որտեղ է կառուցվել աղբյուրը: Աուրան այստեղ շատ ուժեղ է. բավական է մի պահ այդ տեղում կանգնես, հասկանում ես, որ սա է աղբյուրի տարածքը», – Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ղեկավար, ռեժիսոր Հայկ Բաբայանը:

Մեր զրուցակցի խոսքերով՝ գյուղի բնակիչները ոգևորությամբ ու ջերմությամբ ընդունեցին աղբյուրն ու հուշաքարը վերաբացելու գաղափարը: Նույնիսկ իրենց իսկ աջակցությունն առաջարկեցին: Ու այդ օրվանից մի շարք համայնքապետեր համալրեցին նախաձեռնության անդամների շարքերը՝ խոստանալով թե՛ ֆինանսական, թե՛ բարոյական աջակցություն:

«Ամեն կնիկ իրան մարդու ախպուրն է, ուրիշ մարդ չի կրնա խմել էնօր ջրեն». հենց այս նախադասությունն էր գրառել վարպետ Մկրտիչը Հեղնար աղբյուրի վերնամասում տեղ գտած հուշաքարին՝ ակնարկելով բոլոր «ծուռմիտք» տղամարդկանց՝ չգայթակղել ուրիշի կանանց: Նոր հուշաքարն էլ նույն տեսքն ու բովանդակությունը կունենա:

«Այժմ ամբողջ Հանրապետությունում, հատկապես՝ Շիրկի մարզում, շարունակում ենք փնտրել Հեղնար աղբյուրի հուշաքարը: Էլ տեղ չի մնացել, որ փնտրենք: Չեմ բացառում, որ կան մարդիկ, ովքեր ժամանակին այն վնասել են, ու հիմա չեն խոստովանում, որ չհեղինակազրկվեն: Բայց եթե այն չգտնենք, նորը կպատրաստենք, որը կունենա նույն գրությունը: Հուշաղբյուրի կառուցվածքը նույնությամբ կպահպանվի: Շինարարական աշխատանքները կսկսենք ամենաուշը երկու շաբաթից», – տեղեկացրեց ռեժիսորը:

Հարցին, թե մոտավոր ե՞րբ է նախատեսվում հուշաքարի ու աղբյուրի բացումը՝ պատասխանեց.

«Բացումը կլինի ամենաուշը ամռան սկզբին: «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության համախոհներն այժմ Մոսկվայում են գտնվում, կվերադառնան ու ամբողջ համայնքի հետ միասին կսկսենք աշխատանքները»:

Ի դեպ, նախաձեռնության Մոսկվայի համախոհները գտել են նաև Հեղնարին՝ դերասանուհի Յուլիա Ռուստամյանին, ով ներկայումս բնակվում է Փարիզում: Այժմ ամեն ինչ արվում է, որպեսզի հուշակոթողի բացման օրը դերասանուհին Հայաստանում լինի: Ի վեջո, այդ օրը կարևոր ու հիշարժան է լինելու մշակութային կյանքում:

«Հայֆիլմի վերածնունդ»-ը ձեռնամուխ է եղել պատմական նշանակություն ունեցող կինոպատմության ու կինոարժեքների բացահայտմանը: Վստահեցնում են՝ շարունակելու են հայտնաբերել ու վերականգնել կարևոր այն տարածքները, որոնք կապված են Հայֆիլմի պատմության հետ:

Նելլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում