Հավատք և հոգևոր անձնավորություն

Հավատք և հոգևոր անձնավորություն

Կրոնական արժեքներով հետաքրքրվող ու առաջնորդվող մարդուն կարելի՞ է համարել հոգևոր անձնավորություն:

Անգամ կրոնական արժեքներով առաջնորդվող մարդը չի կարող հոգևոր անձնավորություն լինել: Առանձնացնենք երեք վիճակներ` հավատացյալ, կրոնական արժեքներով առաջնորդվող և հոգևոր մարդ: Հավատացյալն սկսում է առաջնորդվել հոգևոր արժեքներով, որովհետև դրանք համարում է կարևոր սկզբունքներ իր կյանքի համար: Սակայն հավատացյալ են նաև դևերը, ինչպես Հակոբոս առաքյալն է ասում, դևերն էլ են հավատում և դողում (Հակ. 2.19):

Դևերի հավատքն այս իմաստով նույնիսկ ավելի ամուր է, քան մարդկային հավատքը, որովհետև նրանք հոգևոր իրականությունից են և հաստատ գիտնեն դրա գոյության ու առկայության մասին, մինչդեռ մենք չգիտենք, այլ միայն հավատում ենք: Պողոս առաքյալն ասում է. «Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ` ծնծղաների, որ ղողանջում են: Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը` մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ: Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա (Ա Կորնթ. 13.13):

Ուրեմն, ո՛չ հավատացյալ լինելը, ո՛չ էլ կրոնական արժեքներով առաջնորդվելը մարդուն չեն դարձնում հոգևոր անձնավորություն, այլ սերն ու քրիստոսանմանությունն է, որ բերում են այդ հատկությունը:

Կարծիք կա, որ հոգևոր լինելը կապ ունի ոչ թե կրոնի, այլ ներքին խաղաղություն ունենալու և իմաստալից կյանքով ապրելու ցանկության հետ: Այսինքն` հոգևոր անձնավորություն լինելու համար կարիք չկա՞ որևէ կրոնի պատկանելու:

Այսօրվա տարածված մոլորություններից մեկն այն է, որ բոլոր կրոնները հավասարապես ընդունելի են, բոլորն էլ պաշտում են միևնույն Աստծուն, բայց տարբեր անուններով: Քրիստոնեական տեսակետից սա խիստ դատապարտելի է: Քրիստոնեությունը հայտնի է իբրև սիրո, համերաշխության կրոն: Սակայն քրիստոնեությունն անհանդուրժող է այլ կրոնների, հավատալիքների նկատմամբ:

Սուրբ Գիրքն ասում է. «Չկա ուրիշ Աստված, բացի միակ Աստծուց, թեպետև… կան բազում աստվածներ և բազում տերեր» (Ա Կորնթ. 8.45), «Երանի այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է, երանի այն ժողովրդին, որին Իր համար Նա ժառանգություն ընտրեց» (Սաղմ. 32.12): Սա ցույց է տալիս, որ քրիստոնեության համար անընդունելի են այլ կրոնների հավատալիքները, որոնց հանդեպ պետք է անհանդուրժող լինել` սխալ ուսմունքներն ու հավատալիքները չընդունելու իմաստով:

Անհանդուրժողականությունը չի տարածվում այդ կրոնների ներկայացուցիչների վրա, որոնց հետ կարող ենք լավ մարդկային հարաբերություններ պահպանել, սակայն անհանդուրժողականություն պետք է դրսևորել կրոնական ուսմունքի հանդեպ` հաղորդակից չլինելով սխալ գաղափարներին ու պատկերացումներին:

Եթե կրոնի պատկանելությունը հաշվի չառնենք հոգևոր լինելու համար, ապա հոգևոր կարող ենք համարել նաև սատանայապաշտներին, որոնք կրոնական մի ուղղության հետևորդներ են և կապված են իրենց պաշտամունքի առարկային: Այսպիսով, հոգևոր անձ լինելու համար պետք է հիմնված լինել ոչ միայն սիրո, այլև ճշմարտության վրա:

Սկզբնաղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում