Բակո Սահակյան. «Ազգի մեծերին հիշելը հանդիսանում է հայրենասիրական դաստիարակության կարեւորագույն բաղադրամասերից մեկը»

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին հանդիպում է ունեցել Արցախ ժամանած հայազգի հանրահայտ բարերար Միքայել Արամյանցի ծոռ Ալեքսանդր Զանոեֆֆին’ տիկնոջ հետ եւ գրող Վահե Աթանեսյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից: 

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Միքայել Արամյանցի գործունեությունը, նշելով, որ նա եղել է եւ աշխարհահռչակ ձեռներեց, եւ ազգային բարերար, ով մեծապես նպաստել է հարազատ ժողովրդի առջեւ ծառացած մշակութային, քաղաքական եւ սոցիալական բազմաթիվ խնդիրների լուծմանը: Այս համատեքստում երկրի ղեկավարը կարեւորել է Միքայել Արամյանցի ծննդյան 170-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպումը համապետական մակարդակով եւ երախտագիտություն հայտնել գրող Վահե Աթանեսյանին’ մեծ բարերարի կյանքին նվիրված աշխատության համար:

Նախագահն ընդգծել է, որ ազգի մեծերին հիշելը եւ նրանց ավանդի արժանի գնահատումը հանդիսանում է հայրենասիրական դաստիարակության կարեւորագույն բաղադրամասերից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում