Հովիկ Աբրահամյանի փեսային ձերբակալե՞լ են

«Հրապարակը» գրում է, թե երկուշաբթի օրը Աբովյան փողոցում թիկնազորաթափ են արել հանցագործ աշխարհում հայտնի ««Mercedes G 500» մակնիշի, 77 NT 777 համարանիշի ավտոմեքենայով երթեւեկած Նորադուզցի Արային: Նրան թիկնազորի հետ բերման են ենթարկել ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն: Բերման ենթարկվածների մեջ են եղել Արտյոմ Խոջոյանը, Հովսեփ Հովհաննիսյանը եւ Վյաչեսլավ Տրետյակովը:

«Մեզ հասած տեղեկություններով, նրանց մեջ է եղել նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի փեսան՝ Վովա անունով: Ըստ մեր աղբյուրի, քյավառցիները Վովայի հյուրերն են եղել, ովքեր այնքան աղմկոտ վոյաժների մեջ են եղել, որ հայտնվել են ոստիկանության տեսադաշտում:

Ինչ վերաբերում է Արա Բանդուրյանին, ապա նա եւ նրա եղբայրը քրեական աշխարհում հայտնի դեմքեր են: Նրանք Ֆրանսիայում խոշոր հանցագործություն էին կատարել՝ սպանություն, եւ փախել Հայաստան: Հետախուզում էր հայտարարվել, եւ արդյունքում եղբայրները կալանավորվել էին, սակայն, որոշ տեղեկություններով, մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ եղբայրներին բաց էին թողել: Փոխարենը՝ եղբայրները ընտրությունների ժամանակ լավ աշխատեցին Սերժ Սարգսյանի համար, մարզ կատարած այցելությունների շրջանակներում էլ ճոխ ընդունելություն էին կազմակերպել նրա համար:

Նորադուզից մեկը մեզ պատմեց, որ քրեական հեղինակություն եղբայրների եւ իշխանության ներկայացուցիչների կապն այնքան սերտ է, որ եղբայրներից մեկի հարսանիքին իշխանական ողջ էշելոնն է մասնակցել, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը, Գեղարքունիքի մարզի դատախազը, որոշ դատավորներ եւ այլ բարձրաստիճան հյուրեր: Մեր տեղեկություններով, եղբայրները շատ մտերիմ են եղել նաեւ Երեւանի արդեն նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի հետ, եւ նրանց կատարած մի շարք հանցագործություններ «ջրվել» են հենց վերջինիս շնորհիվ: Նման թիկունք ունենալու պարագայում, թվում էր, անհավանական պիտի լիներ եղբայրներից թեկուզ մեկի վնասազերծումը:

Մյուս կողմից, հաշվի առնելով Ներսիկ Նազարյանի հետ կատարվածը, ոստիկանության քայլը տրամաբանության սահմաններում է, թեեւ բնավ զարմանալի չի լինի, եթե քրեական հեղինակությունը վաղը հայտնվի ազատության մեջ՝ հրաշալի խաղալով դերը, որն իրեն վերապահված էր երկուշաբթի օրը բեմադրված ներկայացման մեջ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում