«Երեխաների նկատմամբ տածած սերը ինձ դարձրեց բանաստեղծուհի»․ Մարիետա Սահակայան

«Երեխաների նկատմամբ տածած սերը ինձ դարձրեց բանաստեղծուհի»․ Մարիետա Սահակայան

Ծառեր, ծիտիկներ, բզեզներ, մանկան ու բնության աշխարհ, որն ամենքին հասանելի չէ, ուր ամենքը մտնելու իրավունք չունի, եթե մանկան անկեղծությունն ու պարզությունը չունի:

Մարտի 27-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանում կայացավ Մարիետա Սահակյանի «Ատամհատիկ» մանկական գրքի շնորհանդեսը, որով հեղինակը այդ աշխարհ մուտք գործելու իր փորձն արեց: Մարիետա Սահակյանը երկար տարիներ աշխատել է երիտասարդների և երեխաների հետ և իր իսկ խոսքով այդ շքեղ դղյակներից է հանել այն գանձերը, որոնք այսօր բանաստեղծության տեսք են ստացել.

«Ես բոլորովին չեմ մտածել բանաստեղծուհի կամ գրող դառնալու մասին, ես փոքրուց ավելի շատ սիրում էի նկարել, իսկ երբ գրել-կարդալ սովորեցի՝ որոշեցի կարդալ երկնքի, աստղերի, արևի մասին: Իմ գրքի հերոսները նույնքան կենդանի են որքան դուք բոլորդ, ես ու ուզում եմ, որ դուք բոլորդ մեծանաք, սիրեք բնությունը, կենդանական աշխարհը և մեր մոլորակը պահեք ու փայփայեք: Երիտասարդների հետ աշխատելուց ես բանաստեղծուհի չդարձա, բայց երեխաների նկատմամբ տածած սերն ինձ դարձրեց բանաստեղծուհի»:

Մանկագիր Սաթենիկ Ղազարյանի անդրադառնալով գրքին ընդգծեց. «Մարիետա Սահակյանը հայտնություն է մանկական գրականության աշխարհում, գիրքը յուրահատուկ անուն ունի «Ատամհատիկ», որը երբևէ չեմ հանդիպել: Նրա բանաստեղծությունները երգեցիկ են, մատչելի են երեխաների համար: Նա նկարիչ լինելով՝ նկատում է բնության ամեն մի մասնիկը, ամեն մի շարժումը և իր տեսածը բանաստեղծության տողերի միջոցով փոխանցում է երեխաներին: Նա կարողացել է պարզ, գեղեցիկ, մատչելի տողերով հասնել մանկան հոգուն և նրան շատ են օգնել և՛ սերը, և՛ նկարչությունը»:

«Եթեր» թերթի խմբագիր Գայանե Ենգոյանը իր խոսքում նշեց, որ հեղինակը արդեն տպագրված բանաստեղծություններ ուներ մեծահասակների համար և ուզում գտնել էր իր փոքրիկ ընթերցողին. «Ես ուրախությամբ ուզում եմ նշել, որ այս գեղեցիկ բանաստեղծությունների մեծ մասը արդեն տպագրվել է մեր թերթում: Երեխաների հետ այս տևական մտերմության, բարեկամության ընթացքում էլ երևի ծնվել է նրանց աչքերով աշխարհին նայելու այդ ցանկությունը: Ի վերջո, ամեն ստեղծագործող գրում է իր համար, իր մեջ կուտակվածն է ուզում արտահայտել, բայց շատ ավելի թանկ է, երբ այս ամենը արձագանքում է ընթերցողի հոգում, այս դեպքում մանուկ ընթերցողի հոգում: Սա նշանակում է, որ այս գործը պետք է շարունակվի»:

Նանի ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում