Թանգարան այցելությունների թիվը չեն գոհացնում նախարարին

Թանգարան այցելությունների թիվը չեն գոհացնում նախարարին

«Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը» 2017-ին ունեցել է 5896 այցելու, որից 2450-ը վճարովի, 3446-ը ՝ անվճար: Ցուցանիշը չի համապատասխանում նախարարության որդեգրած նոր քաղաքականությանը, որի համաձայն, բոլոր թանգարաններն ու նախարարության ենթակայությամբ գործող մշակութային մյուս կազմակերպությունները պետք է պահպանեն այցելուների՝ 75 տոկոս վճարովի և 25 տոկոս անվճար հարաբերակցությունը: Սահմանափակ տարածքի պատճառով թանգարանում լուրջ խնդիր ունեն նաև այցելուների հոսքի կառավարման, ինչպես նաև ցուցադրական մակերեսի հարցում:

«Թանգարանի ցուցադրությունում այսօր ներկայացված է ցուցանմուշների ամբողջ ֆոնդի ընդամենը 0,9 տոկոսը»,-դժգոհել է թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:

Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, մշակութային օջախի կյանքն աշխուժացնելու համար նախարար Ամիրյանն առաջարկել է նախ պատշաճ տեսքի բերել մուտքը՝ փոխելով դուռը, որը որևէ կերպ չի աղերսվում թանգարանի բովանդակության ու թանգարան հասկացողության հետ ընդհանրապես: Որպես այցելուների հոսքը կառավարելու հնարավոր տարբերակ Արմեն Ամիրյանը տնօրեն Կարո Վարդանյանին խորհուրդ է տվել մուտքից բացի, ցուցասրահում նաև առանձին ելք ապահովել:

Երևանի Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում կյանքն առանձնապես չի եռում. ամսվա ընթացքում ընդամենը 50 այցելու է ունեցել: Պերճ Պռոշյանի՝ Աշտարակում գտնվող տուն-թանգարանը ցուցադրությունից բացի, նաև հուշանվերային հետաքրքիր հավաքածուով է փորձում գրավել այցելուներին:

ԳԱԹ-ի մասնաճյուղերից ակտիվությամբ առանձնանում են Դսեղում Հովհաննես Թումանյանի ու Երևանում Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանները: Կապուտիկյանի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումները 2019-ին էլ ավելի կակտիվացնեն թանգարանի առօրյան:

Երևանի ռուսական արվեստի թանգարանի առօրյան ակտիվացել է Վրուբելի հայտնի նկարի վերադարձից հետո: Գողացված ու գտնված «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցն այս օրերին արվեստասերներին ներկայացվում է հատուկ ցուցադրությամբ: 2016-ի համեմատ Թանգարանը 2017-ին ֆինանսական ցուցանիշը գերակատարել է 58 տոկոսով:

«Ձեզնից ակնկալում եմ թռիչքային քայլեր»,-տնօրեն Մարինե Մկրտչյանին ասել է Արմեն Ամիրյանը՝ հանձնարարելով Մաեստրո Օրբելյանի հետ քննարկել Վրուբելի վերադարձի առիթով Օպերային թատրոնում բեմադրված «Լերմոնտով-Ռուբինշտեյն-Վրուբել» գրական-երաժշտական ներկայացումը պարբերաբար ներկայացնելու հնարավորությունը:

«Կոմիտասի թանգարան-ինստիտուտը» 2016-ի համեմատ 2017-ին տնտեսական աճ է գրանցել շուրջ 73 տոկոսով: Այցելուների թիվն աճել է 18 տոկոսով: Ցուցանիշն ապահովել են Թանգարանի գիտակրթական ակտիվ գործունեությունն ու պարբերաբար կազմակերպվող միջոցառումները: Տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն ասել է, որ Թանգարանի դահլիճը զբաղված է եղել տարվա 250 օրերին:

Սկզբնաղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում