Թուրքիայում հայկական եկեղեցին վերածում են հանրակացարանի (լուսանկար)

Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպության (İHD) Սիիրթի մասնաճյուղը ուսումնասիրել է Էրուհի շրջանում հայերին պատկանող եկեղեցիների ու գերեզմանոցների ոչնչացման քաղաքականությունը և հանդես եկել զեկույցով:Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից:

Մամուլի ասուլիսի ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են զեկույցը: Մասնավորապես անդրադարձել են Էրուհի Սբ. Հովհաննես հայկական եկեղեցու ապամոնտաժման հարցին: Եկեղեցին առանց քաղաքապետարանի թույտվության վերածվում է մահմեդական կրոնական կրթություն ստացող ուսանողական հանրակացարանի:

İHD ներկայացուցիչները մամուլի ասուլիսի ընթացքում ցույց են տվել Սբ. Հովհաննես եկեղեցու հուշաքարերի լուսանկարները, որոնց վրա կան հայերեն գրություններ ու խաչ’ տեղեկացնելով, որ այդ քարերն օգտագործվել են հանրակացարանի շինարարության մեջ:

Կազմակերպության անդամներից Զանա Աքսուն հիշեցրել է, որ վերջերս Էրուհ-Սիիրթ ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքում ոչնչացվել էին մոտ 100 հայկական գերեզմաններ, և մահացածների ոսկորներն այս ու այն կողմ էին նետվել, այնուհետև գյուղացիները հավաքել են դրանք ու ամփոփել հողում: Եվ այս միջադեպի առնչությամբ իրավասու մարմինները ոչ մի քայլ չեն ձեռնարկել:

«Սա հայ ժողովրդի հավատքի և կենցաղի նկատմամբ վիրավորանք է: Տիրող իրավիճակի պատասխանատուների նկատմամբ պետք է քրգործ հարուցվի: Անցյալից մինչև այսօր շարունակվող ասիմիլացիայի, ոչնչացման ու հերքման քաղաքականության դրսևորումներից մեկն է նաև հայկական եկեղեցին ուսանողական հանրակացարանի վերածելը, հատկապես որ քաղաքապետարանից շինարարության թույլտվություն չի տրվել: Ժամ առաջ անհրաժեշտ է դադարեցնել այս շինարարությունը: Ուսանողական հանրակացարանը թող մեկ այլ տեղ կառուցվի : Հնագույն և պահպանության կարիք ունեցող վայրում այս նորակառույցի շինարարությունը գնահատում ենք որպես հետին միտք ունեցող նախաձեռնություն»,-ասել է Աքսուն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում