Մեկնարկել է «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը

Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում մեկնարկել է «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը։ Առաջիկա երկու օրերի ընթացքում Հ. Մալյանի անվան թատրոնում կցուցադրվեն շուրջ 25 կարժամետրաժ ֆիլմեր՝ Արթուր Օրդյանի «Հովվերգություն» վավերագրական ֆիլմը, Շողիկ Հակոբյանի խաղարկային «Սպասասրահում» ֆիլմը, Սոնա Խաչատրյանի «Երանելի օրեր», Գուժ Թադևոսյանի «Մարգար պապը», Զավեն Գրիգորյանի «Մեր Մարինե», Գառնիկ Խչոյանի «Հանդիպում խաչքարի մոտ» և այլ ֆիլմեր։ Այս մասին տեղեկացնում են հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մամուլի ծառայությունից:

«Հայացք» երիտասարդական կինոփառատոնի հեղինակ Սերգեյ Սանոյանը նշել է, որ այս նախաձեռնությունը լավ հնարավորություն է նոր ու հետաքրքիր, ինչու չէ, մասամբ անհասկանալի ու ըմբոստ կինոնկարների ականատեսը դառնալու, ինչպես նաև ծանոթանալու և շփվելու երիտասարդ ստեղծագործողների հետ։ «Երիտասարդական կինոփառատոները մեծ կինո, մեծ էկրան մուտք գործելու, ինչպես նաև առաջին աշխատանքը, առաջին ֆիլմը ցուցադրելու հնարավորություն են տալիս»,- ասել է կինոգետ, արվեստագիտության թեկնածու, ժյուրիի նախագահ Անետա Երզնկյանը:
Փառատոնի բացման արարողությանը տեղի է ունեցել «Միասին աշխարհում» ոչ մրցութային ֆիլմի պրեմիերան։ Այն նկարահանվել է Ուրուգվայում և պատմում է Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած Ուրուգվայի, այստեղ ապրող հայկական համայնքի մասին։ «Միասին աշխարհում» ֆիլմի ռեժիսորը Ռուբեն Գևորգյանց կրտսերն է, հեղինակ և պրոդյուսերը՝ Սերգեյ Սանոյանը։ Ըստ Ս. Սանոյանի, «Միասին աշխարհում» ֆիլմը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կողմից ընտրվել և ներկայացվելու է Կաննի փառատոնի երիտասարդական ֆիլմերի շուկայում։ Երիտասարդ հեղինակները հույս ունեն, որ իրենց ֆիլմը նույնպես կնպաստի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։

Կինոփառատոնը նախաձեռնել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։ «Հայացք» երիտասարդական կինոփառատոնի հատուկ գործընկերներն են «Լաբարնա» («Labarna») հուշանվերների, «Արվեստի աշխարհ» («Art World») խանութ սրահները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում