Արա Հարությունյանի որդին փաստում է․ «Հայրս անկախ Հայաստանում առաջին անգամ է ցուցադրություն ունենում»․

Արա Հարությունյանի որդին փաստում է․ «Հայրս անկախ Հայաստանում առաջին անգամ է ցուցադրություն ունենում»․

Անվանի հայ քանդակագործ Արա Հարությունյանն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է ցուցահանդես ունենում: Սա փաստեց արվեստագետի որդին՝ «Արա Հարությունյան» հիմնադրամի համահիմնադիր Արամ Հարությունյանը՝ «Արա Հարությունյան. մոնումենտալ երեւակայում» խորագրով ցուցադրության ժամանակ, որ բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում:

«Այս ընթացքում մենք ունեցել ենք ցուցահանդեսներ Մոսկվայում, արտասահմանում, իսկ սա թերեւս առաջինն է անկախ Հայաստանում»,-ասաց Արա Հարությունյանի որդին:

Կրտսեր Արա Հարությունյանը՝ քանդակագործի թոռը, ցուցադրության օրը հուզական եւ նշանակալից որակեց: Նա ասաց, որ փոքր տարիքից երազել է մասնակիցը լինել Արա Հարությունների անհատական ցուցահանդեսի բացմանը եւ այժմ իրեն նման հնարավորություն է ընձեռվել՝ շնորհիվ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի:

«Ուղիղ իննսուն տարի առաջ՝ Երեւանի կենտրոնում, այս օրերի Սայաթ Նովա փողոցում, կամ այն օրերի Շմիդտի նրբանցքում ծնվել է հայրս: Ողջ կյանքը՝ եւ գիտակից եւ հասուն, նա նվիրել է արվեստին, իր ողջ էությամբ արվեստագետ էր՝ գործողություններով, վարքով, հոգով… Նա այն հազվագյուտ բազմաժանր արվեստագետներից էր, որը փորձում էր կատարելության հասնել ոչ միայն մոնումենտալ, հաստոցային քանդակագործության մեջ, այլ նաեւ գծանկարում եւ գրաֆիկայում»,- ասաց Արա Հարությունյանի որդին: Նաեւ հավելեց, որ Գաֆէսճեան կենտրոնում ցուցադրված է միայն արվեստագետի ժառանգության չնչին մասը:

Ի դեպ, հատուկ Գաֆեսճէան կենտրոնի համար ձուլված երկու գործ էր ներկայացված, որոնցից մեկը կոչվում էր «Գայթակղություն»: Կոմպոզիցիայում Եվան եւ Սատանան էին: Բացառիկ ցուցադրությունը կգործի մարտի 31-ից մինչեւ հունիսի 10-ը, ցուցադրության շրջանակում նաեւ լույս է տեսել պատկերագիրք:

Հավելենք, որ Արա Հարությունյանն առաջիններից է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել քանդակագործության, ճարտարապետության, բնապատկերի տարածական համալիրներ (Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի մուտքի հարթաքանդակները, Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը, «Հուշկապարիկ» բարձրաքանդակը), Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը։

Ի թիվս այլ գործերի, նա հեղինակ է հասարակական շենքերի՝ թեմատիկ կոմպոզիցիաներով ներքին և արտաքին քանդակազարդումների (Էրեբունի թանգարան, հարավային (Առյուծի որս) և հյուսիսային (Խալդ աստված) ճակատներ), Երևանի գինու կոմբինատի հյուսիսային ճակատ, բարձրաքանդակներ՝ «Պայքար առյուծի հետ», «Աղվեսներ» եւ այլն:

Նրա հաստոցային գործերից են «Անիի կործանումը», «Սպասումը», ստեղծել է նաեւ Կոմիտասի, Վարդան Աճեմյանի, Թումանյանի եւ այլոց դիմաքանդակները:

Արա Հարությունյանի գործերից պահվում են Հայաստանի ազգային եւ Տրետյակովյան պատկերասրահներում, «դրսի» այլ թանգարաններում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում