Մարդիկ Տարոն Մարգարյանին սիրում են. ՀՅԴ քաղաքապետի թեկնածու

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե Դուք առաջարկել եք, որ ընդդիմադիր ուժերը հայտարարություն անեն, որ պատրաստ են հետընտրական դաշինք կազմել: Եթե ընդդիմադիր ուժերը չեն արձագանքում, դրանից ի՞նչ եք եզրակացնում, որ նրանք բա՞ց են թողնում իշխանության հետ բանակցելու, առեւտուր անելու դուռը:

Արմեն Ռուստամյանն էլ պատասխանեց. «Ընդդիմության շահերից է բխում ակտիվացնել ընտրողին: Դրանից կարող են շահել ընդդիմության բոլոր թեւերն էլ: Որպեսզի դա տեղի ունենա, պետք է հայտարարվի, թե որն է այդ ջրբաժանը, որով կարելի է տարբերել՝ սա իշխանությո՞ւն է, թե՞ ընդդիմություն: Եթե ժողովուրդն այդ գիծը հստակ չտեսնի, ոչ-ի հանրաքվեն տեղի չի ունենա: Դրա համար ասում ենք՝ շատ հստակ հայտարարություն պետք է արվի, որ չեն միանալու իշխանության հետ, այլ համագործակցելու ենք եւ մեր ձայները գումարելու ենք ընդդիմադիր դաշտում, որ եթե ստացվի քաղաքապետ փոխել, դա կատարենք ավագանու ներսում:

Պետք է հստակ ասվի, որ մենք համագործակցելու ենք տեղամասերում, որպեսզի պահենք ժողովրդի ձայնը: Ժողովրդի պասիվությունը նաեւ նրանից է, որ իրենք չեն հավատում, որ իրենց ձայնը տեղ կհասնի: Դա ընտրողի գործը չէ, քաղաքական գործիչների գործն է պահել այդ մարդկանց ձայնը: Այսօր դրա հնարավորությունը կա: Եթե այսօր 4 քաղաքական ուժ համարվում են ոչ իշխանական, ուրեմն նրանք կարող են լրջորեն վերահսկել տեղամասում ձայները: Այսպես խաբխբելով չի լինի»:

Արմեն Ռուստամյանը նաև տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն նման հայտարարություն արել են, իսկ «Ժառանգությունը» անորոշ պատասխան է տվել՝ ասելով, որ ամսի 5-ին կհանդիպեն, կասեն:

Հարցին՝ եթե արդար, ազատ ընտրություններ լինեն՝ Տարոն Մարգարյանը չի՞ հաղթի՝ Արմեն Ռուստամյանը վստահեցրեց, որ ոչ: Մեր դիտարկմանը, որ մարդիկ Տարոն Մարգարյանին սիրում են՝ նա պատասխանեց. «Ես էլ եմ սիրում: Ես մարդկանց առհասարակ սիրում եմ, Տարոնին՝ մասնավորապես: Խնդիրը դա չի, սիրո հարցը չի: Խնդիրն այն է, թե մենք այս երկրում ինչ ենք ուզում անել: Ասում են՝ Նիկոլայը լավն է, պարկեշտ, բայց առանց Նատալիայի ոչ մի բան չի կարող անել: Կարգուկանոն դրած ներքին խաղի կանոններ են: Նախագահականից ինչ ասեն՝ կլինի»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում