Ճրագալույցի մասին

Ճրագալույցի մասին

Սուրբ Ծննդյանը, ինչպես նաև Սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում է սուրբ Պատարագ: Հայ Եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարվում՝ սուրբ Ծննդյան և սուրբ Հարության նախատոնակներին, որովհետև այս տոների նավակատիքները մեր բնության նորոգման ու փրկության հիշատակներն են:

Ահա, ըստ այս օրինակի, ճրագալույցի օրը կարապետ է լինում Ծննդյան ու Հարության տոներին: Եվ դրա համար սկսում ենք հոգևոր պաշտոն կատարել՝ նախ ընթերցելով մարգարեներին՝ որպես կանխասացների, ովքեր վկայում ու ավետում են մեզ գալիքը: Այսպիսով, Հինը Նորի հետ խառնելով՝ միասին տոնախմբում ենք: Եվ մինչ կավարտվեն հոգևոր խրախճանքները, վայելում ենք նաև մարմնավոր սեղանից, սակայն առանց միս ուտելու: Ո՜չ սգի ու ո՜չ էլ պահքի մեջ ենք, ինչպես երեկ ու անցյալ օրը և ո՜չ էլ կատարյալ խրախճանքի մեջ, ինչպես գալիք, վաղվա օրն է լինելու Արքայի գալստյամբ, այլ մնում ենք պահքի ու կատարյալ խրախճանքի միջև, որը կերակրի միջոցով ենք հայտնապես ցուցադրում:

Եթե ոմանք ասեն, թե տոնը կերակրով չեն պատվում, ապա այդպիսիներին պետք է պատասխանել, թե այդ դեպքում ինչո՞ւ Հարությունը և Ծնունդը՝ որպես կատարյալ տոներ, չի սահմանված պահքով տոնել:

Իսկ կատարյալը չենք անում, որովհետև կիրակին պահքից բաժանում ենք շաբաթով, և դեռևս չենք տեսել Հարուցյալին: Եվ երբ արևի ծագումով լույսը բացվի և Մարիամի հետ գնանք պարտեզ և տեսնենք գերեզմանը, ապա մեզ կերևա նաև Հարուցյալը և կհաստատի ու ցույց կտա Իր հարությունը: Այդ պատճառով անասելի խնդությամբ լցվելով՝ հնչեցնում ենք հարության երգը՝ նախ հոգով հպվելով հոգևոր սեղանին և ապա մարմնով՝ մարմնավորին, և ուտում ենք գառն ի հիշատակ երկնավոր Գառան, Ով օրհնյալ է հավիտյանս: Ամեն:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում