Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն Ուլե Էյնար Բյորնդալենը հայտարարել է կարիերան ավարտելու մասին: 44-ամյա բիաթլոնիստը տեղեկացրել է, որ սրտի հետ կապված խնդիրներ ունի:
«Պատճառը մոտիվացիայի բացակայությունը չէ: Սպորտը նախկինի պես ինձ ուրախություն է պատճառում: Ցանկանում էի ևս մի քանի մրցաշրջան անցկացնել, սակայն սրտի հետ խնդիրների պատճառով չեմ շարունակելու կարիերաս: Առաջին անգամ նման խնդիրներ առաջացան նախորդ տարի: Զարմանալի է, բայց դրանք զգացնել էին տալիս քնած ժամանակ, այլ ոչ թե ֆիզիկական մարզումների կամ ելույթների ընթացքում: Բժիշկների հետ այդ իրավիճակը վերահսկում էինք, սակայն հետո ցավերը կրկնվեցին, ուստի որոշեցի ավարտել կարիերաս»,- նորվեգացու խոսքերն է մեջբերում sport-express.ru-ն:
Հիշեցնենք, որ Բյորնդալենը 6 անգամ դարձել է աշխարհի գավաթակիր, որը մինչև այս տարի ռեկորդային էր համարվում: Օրեր առաջ այն գերազանցեց Մարտեն Ֆուրկադը (7): Բյորնդալենին է պատկանում բիաթլոնում տոնած անհատական հաղթանակների ռեկորդը` 95:
Ընթացիկ մրցաշրջանն ամենաանհաջողն էր լեգենդար նորվեգացու համար: Նա Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 43-րդ տեղը, ինչպես նաև չկարողացավ Փհենչհան-2018-ի իրավունք նվաճել: