Հայ եկեղեցին և կնոջ հավասարության խնդիրը

Հայ եկեղեցին և կնոջ հավասարության խնդիրը

Տղամարդը միշտ կեսկատակ, կեսլուրջ, կնոջը մեղադրել է դրախտից վտարվելու համար: Սուրբ Մարիամ Աստվածածնի միջոցով վերաբերմունքը կարծես փոխվում է կնոջ կերպարի հանդեպ: Հայ Եկեղեցին տոնում է նշանավոր սրբուհիների տոները, որոնցից են Սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Գայանեն, Սուրբ Մարիանեն և այլք, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն Քրիստոսի: Ժամանակակից կինը թե՛ մտավոր, թե՛ հոգևոր առումով մեծ փոփոխություն է կրել: Այսօր հայ կինն ինչպե՞ս կարող է ներգրավվել Եկեղեցու գործունեության մեջ:

Եկեղեցական տոնացույցում ներգրավված են կին սրբեր, ովքեր օրինակ են հանդիսանում բոլոր ժամանակների կին թե տղամարդ քրիստոնյաների համար: Տղամարդ և կին սրբերին նվիրված տոներ կարգելով, վարքագրություններով նրանց օրինակը հավասարապես մատուցելով բոլոր հավատացյալներին` Եկեղեցին նույնապես գնահատել է սրբերի և սրբուհիների անձնազոհությունը, նվիրյալ կյանքն ու գործունեությունը` հանուն Քրիստոսի և Սուրբ Եկեղեցու:

Հայ եկեղեցական անդաստանում գործում են տիկնանց կազմակերպություններ: Այս կազմակերպությունները կանոնակարգված գործունեություն են իրականացնում հատկապես կազմակերպված ծուխերում: Տիկնանց կազմակերպության անդամներն օգնում են և աջակից են եկեղեցական արարողությունների, միջոցառումների կազմակերպման, հանդիսությունների իրականացման գործում:

Եկեղեցական տարբեր կառույցներում, ծխական, թեմական խորհուրդներում, գրասենյակային, վարչական աշխատանքներում ներգրավված են կանայք, ովքեր ըստ իրենց ունակությունների նաև կարող են ստանձնել բարձր պաշտոններ:

Այսօր էլ Եկեղեցին կարիքն ունի նվիրյալ կանանց և սիրով սպասում է, որ առավել կստվարանան կանանց շարքերը, ովքեր բարեսիրական, տիկնանց, ծխական, թեմական կազմակերպությունների կամ եկեղեցական կառույցների մեջ ներգրավվելով` իրենց բարի ծառայությունը կբերեն մեր Սուրբ Եկեղեցուն:

Արդյոք ճիշտ չէ՞ նաև Եկեղեցու կողմից կնոջ և տղամարդու միջև հավասարությունը շեշտելն ու հաստատելը:

Ռուս Ուղղափառ Եկեղեցու ակնառու հոգևորականներից քահանա Ալեքսանդր Շմեմանը, ով հայտնի է աստվածաբանական ու եկեղեցաբանական լուրջ աշխատություններով, ասում է, որ հավասարության հիմքում ընկած համեմատությունը չարիքի աղբյուրն է. այն բերում է ապստամբության և բաժանումի: Դա սատանայի ծագումնաբանությունն է:

Հավասարությունը հաստատվում է որպես տարբերությունների անպիտանություն: Հավասարության սատանայական սկզբունքին քրիստոնեությունը հակադրում է սերը, որի էությունը համեմատության բացակայության մեջ է: Աշխարհում չկա և չի կարող լինել հավասարություն, քանի որ աշխարհն ստեղծված է սիրով և ոչ թե սկզբունքներով:

Աշխարհը կարիք ունի սիրո և ոչ թե հավասարության: Հենց սիրո մեջ է արմատավորված մարդու երկվությունը` որպես տղամարդու և կնոջ: Դա սխալ չէ, որը մարդկությունը կարող է ուղղել հավասարությամբ, և կամ թերություն, պատահականություն չէ, այլ կյանքի էության առաջին և գոյաբանական արտահայտությունը:

Սա նշանակում է, որ ոչ մի հավասարություն չկա, այլ կա գոյաբանական տարբերություն, որ հնարավոր է դարձնում սերը, այսինքն` միավորությունը և ոչ թե հավասարությունը:

Հավասարությունը միշտ ենթադրում է հավասարների բազմակիություն` երբեք միավորություն չդարձող, մինչդեռ տարբերությունը բերում է միավորություն, որում տարբերությունը չի ոչնչանում, այլ դառնում է միություն, կյանք, ստեղծագործություն:

Սկզբնաղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում