Մալթայի փառատոնին ընդառաջ սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգով

Մալթայի փառատոնին ընդառաջ սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգով

 Ապրիլի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Մալթայի միջազգային երաժշտական փառատոնին ընդառաջ հանդես կգա հետաքրքիր համերգային ծրագրով։ Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը որպես պաշտոնական նվագախումբ հրավիրված է մասնակցելու ապրիլի 15-ից մայիսի 1-ը Մալթայի մայրաքաղաք Վալետայում անցկացվելիք երաժշտական միջազգային փառատոնին։

Ապրիլի 5-ի երևանյան համերգի ընթացքում երաժշտասերը հնարավորություն կունենա ունկնդրելու այն ստեղծագործություններից մի քանիսը, որոնք նվագախմբի կողմից ներկայացվելու են Մալթայում՝ Բեդրժիխ Սմետանայի «Վլտավա» սիմֆոնիկ պոեմը, Ալեքսեյ Շորի Վերդիանան՝ կլարնետի և նվագախմբի համար (մենակատար՝ Դավիթ Գյուլամիրյան), հատվածներ Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» և Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետներից։

Կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը նշում է, որ Շորի կլարնետի և նվագախմբի համար գրված Վերդիանան որպես համերգային կատարում առաջին անգամ է ներկայացնելու։ Դավիթ Գյուլամիրյանը նշում է, որ այս ստեղծագործությունը բովանդակային առումով հետաքրքիր է և հարուստ գեղարվեստական բազմատեսակ լուծումներով. «Հանդիսատեսն անպայման իրեն ծանոթ երաժշտական թեմաներ կբացահայտի այս ստեղծագործությունն ունկնդրելիս։ Վերդիի հայտնի օպերաներից երաժշտական մեղեդիների միաձուլումն է մեկ ամբողջական եռամաս երկում»։

Կլարնետահարը նկատում է, որ տեխնիկական առումով կոնցերտը կատարելը բարդ է, քանի որ պարունակում է կլարնետի ամբողջական ձայնաբաժինը՝ բազմաթիվ թռիչքներով և տեխնիկական բարդ հնարքներով։

Հովհաննես ԲԱԲԱՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում