Հովիկ Աբրահամյանը կպատժի անգամ Ծառուկյանին

«Ես չեմ բարկացել, ես ուղղակի պատգամավորներին հիշեցրել եմ, որ իրենք պարտավոր են մասնակցել Ազգային ժողովի նիստերին»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահն ասաց, որ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի այս փուլում ըմբռնումով է մոտենում պատգամավորների բացակայություններին քանի որ նրանցից մեծ մասն ընդգրկված են այդ քարոզարշավին:Եվ հիշեցրեց, որ քարոզարշավը մոտենում է ավարտին:

Այն հարցին, թե ուշացած չէ՞ այս կարգուկանոնը, Աբրահամյանը պատասխանեց, որ կարգուկանոն միշտ եղել է, հիմա ուզում են ավելի խստացնել: «Ես ֆրակցիաների ղեկավարների հետ կքննարկեմ, և եթե այլ ձևաչափում չկարողնանք պայմանավորվածություն ձեռք բերել, կփորձենք հարցերը քննարկելուց հետո կազմակերպել քվեարկություն»,- հավելեց նա:

Բացի անունների հրապարակումից, բացակայող պատգամավորներին կպատժեն նաև աշխատավարձերից զրկելու միջոցով, ինչպես նաև պատվիրակությունների կազմում չեն ընդգրկի, գործուղումների չեն ուղարկի:

«Համզոված ենք, որ բացակայողները մեծ թվով պատգամավորներ չեն լինի: Հիմա տեսեք՝ 115-120 պատգամավոր մասնակցում են նիստերին, դա նորմալ է»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքվեցին՝ արդյոք Գագիկ Ծառուկյանը կզրկվի՞ աշխատավարձից, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Անկախ անունից ու ազգանունից, ով չմասնակցի, չի ստանալու»:

Հիշեցնենք, որ այսօր Հովիկ Աբրահամյանը ԱԺ դահլիճում նկատողություն էր արել ԱԺ նիստերից բացակայող պատգամավորներին և հորդորել առաջնորդվել ԱԺ կանոնակարգ օրենքով, չբացակայել նիստերից ու նիստերի ժամին չքայլել միջանցնքերում: Նա նաև հանձնարարել էր քարտուղարությանը ներկա-բացակա կատարել պատգամավորներին ու բացակայող պատգամավորի անունները հրապարակել լրատվամիջոցներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում