Կմեկնարկի «Թումանյանի անցած ճանապարհով» շրջագայությունների շարք

Կմեկնարկի «Թումանյանի անցած ճանապարհով» շրջագայությունների շարք

2017-ին Հովհաննես Թումանյանի թանգարանն ունեցել է 44 520 այցելու (շուրջ 80 տոկոսը՝ վճարովի): 2016-ի համեմատ արտաբյուջեն գերակատարել է շուրջ 20 տոկոսով: Նման տվյալներ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը ներկայացրել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

2017 թվականին Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանին պետբյուջեից տրամադրվել է 30 ու կես միլիոն դրամ սուբսիդիա:

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ թերակատարում է արձանագրվել թանգարանային նյութի թվայնացման աշխատանքում: Ուժերը չեն բավարարում, խնդիրը լուծելու համար Թանգարանն ակնկալում է կամավորների աջակցությունը, ուստի նախարար Ամիրյանը հանձնարարել է նախարարության անունից ևս հրապարակավ դիմել հնարավոր կամավորներին:

Թանգարանի տնօրենը հայտնել է, որ սկսել են պատրաստվել Մեծ բանաստեղծի 150-ամյակին: Հիշեցնենք, հոբելյանը 2019-ին է:

«Շատ ծրագրեր արդեն սկսել ենք: Թարգմանական գործն առաջ է «ընկնում», ծրագրում ունենք շնորհանդեսներ, համահայկական օլիմպիադաներ, հրատարակություններ, այդ թվում՝ Ակադեմիական 10 հատորյակը: Առաջին հատորը լույս կտեսնի առաջիկայում:

Հաջողության դեպքում 4-5 տարիների ընթացքում կունենանք բոլոր տասը հատորները: Ծրագրում ենք «Թումանյանի անցած ճանապարհով» շրջագայությունների մեծ նախագիծը, որը ենթադրում է ուղևորություն և տարատեսակ միջոցառումներ ոչ միայն Հայաստանի տարբեր վայրերում, այլև Վրաստանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Պոլսում»,-ասել է Նարինե Թուխիկյանը:

Նրա տեղեկացմամբ, ծրագիրը նախապես կհրապարակվի, և ցանկացողները որոշակի վճարով կարող են միանալ շրջագայությանը:

Թանգարանը շուրջօրյա միջոցառումների ծրագիր է մշակել հենց Թումանյանի ծննդյան օրվա՝ փետրվարի 19-ի համար: Երկու գիրք հրատարակելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրանական կողմի հետ: Ծրագիրը նախատեսում է Թումանյանի հեքիաթները՝ պարսկերեն և իրանական հեքիաթներ՝ հայերեն: Նույնանման ծրագրի շուրջ բանակցում են նաև Ճապոնիայի դեսպանության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում