Ստեփանակերտում վերանորոգումից հետո ռուսական թեքումով դպրոց է բացվել
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին մասնակցել է մայրաքաղաքի թիվ 3 ռուսական թեքումով միջնակարգ դպրոցի վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:
Նախագահ Սահակյանը կարեւորել է միջազգային չափանիշներին համապատասխան նման կրթական օջախի առկայությունը՝ այն համարելով մշակույթների երկխոսության եւ ներթափանցման կարեւորագույն նախապայմաններից մեկը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերարներ Սերգեյ ու Նիկոլայ Սարկիսովներին եւ Ռուբեն Վարդանյանին Արցախի կրթական ոլորտին աջակցություն ցուցաբերելու եւ նման նախաձեռնությունները կյանքի կոչելու համար՝ հավելելով, որ դա հայրենասիրության լավագույն դրսեւորման օրինակներից է:
Նույն օրը Նախագահը բարերարների հետ այցելել է Ստեփանակերտի մանկական ստեղծագործական կենտրոն, ծանոթացել աշխատանքային պայմաններին եւ դիտել հաստատության սաների պատրաստած տոնական ներկայացումը:
Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում