Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Արցախի ԱԺ-ում
Նմանատիպ
Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել կարճատև աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկա փուլի հետ։ Մասնավորապես, կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության աշխուժացման, այդ առումով վերջերս արձանագրված ուշագրավ շփումների հետևողական զարգացման անհրաժեշտությունը։ Երկուստեք գոհունակություն հայտնելով արտերկրում ՀՀ դիվանագիտական առաքելությունների և ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների միջև համագործակցության դրվածքի կապակցությամբ, զրուցակիցները նշեցին նրա արդյունավետության հետագա բարձրացման ուղիներն ու միջոցները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային իրավական ակտերին, ուրվագծվել ԼՂՀ-ում դրանց կիրառման հնարավորությունները։
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանը, այլ պաշտոնատար անձինք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում