Ոստիկանությունում քննարկվել են ավագանու գալիք ընտրությունները
Նմանատիպ
Մայիսի 2-ին ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն: Քննարկվել են մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ ոստիկանության կատարած աշխատանքներն ու անելիքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հունան Պողոսյանը փոխանցել է ոստիկանության պետի պահանջը’ ընտրությունների ընթացքում օպերատիվ իրավիճակի վերահսկելիության, կարգուկանոնի պահպանման պատասխանատուները կրելու են անձնական պատասխանատվություն, ոստիկանության գործունեության գլխավոր սկզբունքը լինելու է հետեւյալը’ աշխատել առանց բացառության բոլոր ուղղություններով, հայտնաբերել ցանկացած իրավախախտում, քննարկման առարկա դարձնել ցանկացած ահազանգ, իսկ թյուրիմացություններն ու տարակարծությունները բացառելու նպատակով ամբողջ տեղեկատվությունը օպերատիվ կերպով հասցնել հասարակությանը:
Անդրադառնալով իրենց օրենքից վեր դասողներին, ովքեր կփորձեն խոչընդոտել ընտրությունների բնականոն աշխատանքը, կփորձեն ստվեր գցել ընտրությունների վրա’ Հունան Պողոսյանն ասել է.«Կան մարդիկ, որոնք երևի թե մտածում են, թե իրենք հատուկ ուշադրության են արժանի: Եթե նրանք այդպես են կարծում, ուրեմն իրենց արժանացրեք այդ հատուկ ուշադրությանը’ օրենքով սահմանված կարգով, բոլոր թույլատրելի մեթոդներով:
Յուրաքանչյուր ոք, ով կփորձի շրջանցել օրենքը, զբաղվել հանցավոր ինքնագործունեությամբ, կտրուկ արձագանքի պետք է արժանանա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում