Հովիկ Աբրահամյանը՝ իր հրաժարականի, 2018-ի ընտրություններում առաջադրվելու եւ ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի մասին

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անվան շուրջ վերջին շրջանում կրկին խիստ ուշագրավ խոսակցություններ են սկսել շրջանառվել՝ ընդհուպ այն մասին, nր աշանը, հնարավոր է, նա կրկին հրաժարական տա: Ընդ որում, այդ խոսակցությունները պտտվում են հենց իշխանական շրջանակներում: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը, որի հետ զրույցում ԱԺ նախագահը պատասխանել է ինչպես այդ, այնպես էլ՝ ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր կոալիցիային վերաբերող եւ մի քանի այլ հարցերի:

«Պարոն Աբրահամյան, այսօր մամուլում գրվել էր, որ երկուշաբթի օրը Աբովյան փողոցում ոստիկանները թիկնազորաթափ են արել հանցագործ աշխարհում հայտնի նորադուզցի Արային եւ բերման ենթարկվածների մեջ է եղել նաեւ ձեր փեսան: Սա ի՞նչ պատմություն է:

Ես տեղյակ չեմ, եթե նման բան լիներ, ես տեղյակ կլինեի: Ես մամուլից եմ դա լսել:

Այսինքն, չի եղել:

Չեմ կարծում, չէ:

Վերջին շրջանում ձեր տրամադրությունն ակնհայտորեն ցածր է, ինչը չի վրիպել նաեւ լրագրողների աչքից, ինչո՞ւ:

Իմ տրամադրությունը շատ լավ է, ինչ որ գրում են որոշ լրագրողներ, որոնք լուր են դարձնում տարբեր քաղաքական գործիչների կողմից, սուտ է: Մարդիկ պետք է հասկանան, որ ուրիշին սեւացնելով՝ իրենք չեն արժետրվում, սուտ տեղեկություններ չտարածեն: Ընդհանրապես որեւէ խնդիր չկա…

Իշխանական շրջանակներում նույնիսկ խոսում են, որ հնարավոր է՝ աշնանը հրաժարական տաք:

Ես չգիտեմ իշխանական որ շրջանակների մասին եք խոսում, բայց նման որեւէ լուր, թեմա չի կարող լինել, ուղղակի աբսուրդ բաներ եք անում, եւ այդ իշխանական, սուտ իշխանական շրջանակներից չգիտեմ ում մասին եք խոսում:

Ու նաեւ ասում են, որ Դուք հատուկ էիք Մոսկվա գնացել որպեսզի չմասնակցեիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, որի ժամանակ ներկայացրեցին վարչապետին:

Այդ հարցը մինչ այդ էլ որոշված էր, այդ նիստին ուղղակի համաձայնություն ենք ստացել, ինչի՞ մասին է խոսքը: Շատ բան են ասում, ամեն ինչ էլ խոսում են: Ես ուրախ եմ, որ այսքան ուշադրության կենտրոնում եմ եւ իհարկե, կոնկրետ ինչ ձեւակերպեցիք, որեւէ լուրջ հիմքեր չեն կարող լինել, որեւէ խնդիր չկա: Ես կարծում եմ, որ դա ձեր կողմից նշված այն մարդկանց իշխանական, թե ոչ իշխանական, թե ընդդիմադիր ուժերի, անձերի գործն է, որոնք բան ու գործ չունեն, զբաղված են դրանով:

Իշխանության ներկայացուցիչնե՞րը:

Հնարավոր է, հնարավոր է: Բայց դա վատ է իրենց համար, որովհետեւ մի օր վերջը կգա իրենց այդ կեղտոտ գործերի, որոնցով իրենք զբաղվում են հերյուրանքներ տարածելով:

Իշխանության ներսում խոսում են, որ 2017-18թթ. ընտրություններից առաջ իշխանության ձեր թեւը թուլացնելու վարձ է արվում:

Ես իշխանության թեւ չունեմ: Եթե նկատի ունեք կուսակցությունը, մեր այսօրվա թիմը, գոյություն ունի թիմի ղեկավար եւ կուսակցություն, թիմակիցներ եւ յուրաքանչյուր մարդ ունի իր դերակատարությունը այդ կուսակցության, իշխանության մեջ: Ես մամուլում հանդիպել եմ, որ թեւեր կան՝ երիտասարդների թեւ, այս թեւ, այն թեւ, նման թեւեր չկան, դա զուտ բամբասանքներ են, միգուցե մարդիկ, որոշ անհատներ կայանալու խնդիր ունեն, բայց դա, իմ կարծիքով, չի կարելի անվանել թեւ:

Խոսքն այն մասին է, որ իշխանության ներսում արդեն պայքար է սկսվել՝ Սերժ Սարգսյանի իրավահաջորդի համար:

Ես 18 թվականի համար որեւէ պայքար չունեմ անձնապես, որեւէ ցանկություն չունեմ:

Դուք չե՞ք առաջադրվի:

Ոչ: Եվ նման հարց հիմա քննարկելը, իմ կարծիքով, անիմաստ է, եւ թիմը միասին կորոշի՝ 17-ին էլ, 18-ին էլ:

Մյուս թեւը՝ վարչապետի, վարձում է ինքը իրավահաջորդ դառնալ:

Ես ձեզ հավաստիացնում եմ, չկա…. Ես այդպիսի ցանկություն չունեմ: Եթե որեւէ մեկը ունի, ակնհայտ կերեւա: Գոնե ես չունեմ նման ցանկություն: Իմ կարծիքով, բոլոր լրագրողներն են դա տեսնում, որ որեւէ մեկի վրա հոդված չեմ պատվիրում, որեւէ մեկի վրա պատվեր չեմ իջեցնում, սուտ հերյուրանքներ չեմ տարածում այս անձի, այն թիմակցի, այն քաղաքական գործչի, այն իշխանության ներկայացուցչի մասին: Թող որեւէ լրագրող ասի, որ Աբրահամյան Հովիկը որեւէ մեկի մասին մի լուր է տարածել կամ ինչ-որ տեղեկատվություն, սուտ հերյուրանք, կամ որեւէ մեկի մասին բան է խոսել: Ընդհանրապես, եթե ես բան եմ ունենում ասելու, ասում եմ ուղիղ:

Ի՞նչ եք կարծում, առաջիկա ավագանու ընտրություններում ուժերի ի՞նչ դասավորվածություն կարող է լինել:

Ես կարծում եմ, որ հանրապետական կուսակցությունը կհաղթի, 50 տոկոս կունենա ավագանու անդամների կազմում: Դա, իհարկե, ընտրության արդյունքները ցույց կտան, նաեւ դա մեր ցանկությունն է, մենք շատ ակտիվ աշխատում ենք, կուսակցության բոլոր ներկայացուցիչները, իսկ ինչ վերաբերում է 2-րդ, 3-րդ տեղերին, իմ կարծիքով, պայքարը գնում է եւ 2 օր մնաց, ցույց կտա ժամանակը: Բայց ես համոզված եմ, որ ՀՀԿ-ն առաջին տեղը կվերցնի:

Վերջին շրջանում շատ է խոսվում, որ հնարավոր է, կրկին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կոալիցիա ձեւավորեն, թեեւ երկուսն էլ պաշտոնապես հերքում են դա: Որքանո՞վ է դա հավանական:

Նման հարց չի քննարկվել, դուք նկատի ունեք քաղաքի կառավարման մասո՞վ:

Եվ քաղաքի, եւ կաոավարության. ու դրանով են պայմանավորում այն, որ նոր կաոավարությունը ձեւավորվելու է վերջին ժամկետներում՝ մայիսի 9-ին:

Ճիշտն ասած, չեմ կարծում։ Չենք քննարկել, բայց ես չեմ կարծում: Գոնե կառավարության մակարդակով չեմ կարծում, որ կոալիցիա կկազմենք Բարգավաճի հետ…»,- մեջբերում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում