Ո՞վ թաղեց Հայաստանի քաղավիացիան

«Ժողովուրդ»-ը «Էլիտար թշվառներ» խորագրի ներքո ներկայացրել է քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի կենսագրական և աշխատանքային գործունեության որոշ մանրամասներ ու մասնավորապես գրել. «Նրա թողտվությամբ էր «Արմավիան» իրականացնում իր գործունեությունը՝ ոտնահարելով հայաստանցիներիս շահերն ու իրավունքները։ Նրա թողտվության հետևանքով էր Էռնեկյանը խոչընդոտում հայկական ավիացիայի գործունեությունը՝ օդային տրանսպորտն ամբողջապես առնելով իր ենթակայության ներքո։ Ու ստացվում էր, որ Մովսիսյանը մի պաշտոնյա է, որին նստեցրել են իր աշխատասենյակում՝ բացառապես Էռնեկյանի ու Բադդասարովի շահերի պաշտպանության համար, ինչի դիմաց նա գուցե նաև որոշակի «հոնորարներ» է ստանում։

Երբ արդեն հայտնի էր, որ ազգային փոխադրող «Արմավիա»-ն գնում է սննկացման, Ա. Մովսիսյանը լռում էր: Իսկ ահա սննկացման մասին հայտարարությունից մի քանի օր առաջ հանկարծ հրապարակավ ասաց, որ նման տերմին՝ ազգային փոխադրող, սահմանված չէ։ Արդյոք քաղավիացիայի պետը նոր էր բացահայտել «Արմավիա»-ի կեղծիքը: Չենք կարծում, որովհետև Բաղդասարովի ընկերությունը պաշտոնապես ներկայանում էր որպես ազգային փոխադրող, ու ոչ ոք անցած տասը տարիներին դա չէր հերքում։ Շատերն են պնդում, որ Բաղդասարովի ընկերության սննկացման գործարքը կյանքի է կոչվել Ա. Մովսիսյանի գործուն մասնակցությամբ՝ այդպիսով «Արմավիա»-ին ազատելով բազմաթիվ հարկային պարտավորություններից։ Իսկ թե ինչպիսի գումարներ են շրջանառվել այս գործարքը կյանքի կոչելու ճանապարհին, կարելի է միայն ենթադրել: Նշենք, որ բավական երկար ժամանակ Մովսիսյանի պաշտոնանկությանը հասնելու համար ջանքեր էր գործադրում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, որպեսզի այդ պաշտոնում նշանակել տար իր փեսային։ Մովսիսյանն անգամ տևական ժամանակով հեռացել էր երկրից, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ նրա համար բարեխոսեց Միխայիլ Բաղդասարովը… Այս լուրերը ՔԱԳՎ մամլո ծառայությունը, իհարկե, հերքել էր, սակայն ամեն հերքում չէ, որ ընդունվում է որպես բացարձակ ճշմարտություն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում