ՀՀԿ-ն մի քանի օրից կհայտարարի վարչապետի թեկնածուի անունը. Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ-ն մի քանի օրից կհայտարարի վարչապետի թեկնածուի անունը. Վահրամ Բաղդասարյան

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մի քանի օրից կքննարկի և կհայտարարի վարչապետի թեկնածուի անունը: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Համբերեք, բավականին երկար համբերել եք, մի փոքր էլ համբերեք: Մի քանի օր է մնացել մեր քննարկմանը, մի քանի օրից մենք արդեն կքննարկենք և կհայտարարենք»,- ասաց Բաղդասարյանը:

Հարցին` վարչապետի թեկնածուի առաջադրման վերջին օրն ե՞ն հայտարարելու, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ոչ, չեմ կարծում: Մի քանի օրից մենք կհայտարարենք»:

Անդրադառնալով ապագա կառավարության ձևավորման դեմ շարժում սկսած քաղաքական ուժերին և նախաձեռնություններին` Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ՀՀԿ-ն կողջունի ցանկացած պայքար, որը կլինի օրինականության սահմաններում, քանի որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է: Պատգամավորն ընդգծեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրում իր ճանապարհային քարտեզը և իր կամքն արտահայտելու ձևը: Վահրամ Բաղդասարյանը նաև վստահեցրեց, որ իշխանություններին տարբեր քաղաքական ուժերի և նախաձեռնությունների քայլերը չեն անհանգստացնում:

Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարում լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրանում է Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Նույն օրը կառավարման նոր համակարգում նախագահի լիազորությունները ստանձնեց Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը հրաժարական տվեց: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: Ապրիլի 9-16-ը ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման ժամկետն է, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանը բաց անվանական քվեարկությամբ կընտրի ՀՀ վարչապետին: Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում