Գործող վարչապետը համամիտ է նախկինի հետ

Հայաստանում գործող օֆշորային ընկերությունների ռիսկերը վերահսկելու հարցում Կառավարությունը երեկ նպատակահարմար չգտավ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործառնությունը ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» օրենքի նախագծի ընդունումը, գրում է «Ազգ»օրաթերթը: Հարցը ներկայացնող ֆինանսների նախարար Վաչե Գարբրիելյանը հայտնեց, որ նախագիծը միտված է հանքարդյունաբերության ոլորտի տնտեսության ստվերայնության կրճատմանը:

Կառավարության տեսակետն այն էր, որ օրինագիծն իրավական առումով խնդրահարույց է եւ դրա ընդունմամբ հնարավոր չի լինի արդյունավետ ձեւով կառավարել վերոնշյալ ռիսկը: Տեղեկացվեց, որ այդ ռիսկերը նվազեցնելու նպատակով կառավարությունն ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագիծը եւ պատրաստում է «Ընդերքի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որոնց ընդունմամբ հնարավոր կլինի հասնել ավելի մեծ արդյունավետության:

Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի ՙ կառավարությունն այն տեսակետին է, որ խստագույն
վերահսկողության ներքո պետք է գտնվեն օֆշորային ձեռնարկությունները, որոնք ներդրումներ են
կատարում Հայաստանում եւ զբաղվում են ապրանքների արտահանմամբ եւ իրացմամբ: «Մենք լրջագույն ռիսկեր ենք տեսնում, որոնց նպատակն է խուսափել Հայաստանի առջեւ իրենց ֆինանսական պարտականությունների եւ պարտավորությունների կատարումից: Այս տեսակետից պարոն Բագրատյանի տեսակետները համահունչ են այն քաղաքականությանը, որ մենք պետք է իրականացնենք», ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում