Հայաստանում. կկորցնենք 93 000 ապագա մայրերի

«Թեպետ ամբողջ աշխարհում լուրջ պայքար է ընթանում սեռով պայմանավորված աբորտների դեմ, հարցը գտնվում է անգամ ամենաբարձր ատյաններում, սակայն դեռեւս որեւէ լուրջ առաջընթաց այս խնդրի առնչությամբ չկա: Հատկապես ասիական, արեւելյան երկրներում, ի թիվս գենդերային այլ հիմնախնդիրների, սեռով պայմանավորված աբորտները շարունակում են մնալ գերխնդիր: Հայաստանում էլ հարցը ոչ միայն մտահոգիչների ցանկից է, այլեւ խոր արմատներ է գցել,-գրում է «Ազգը»:- 1996-ին 100 աղջկա դիմաց 115 տղա էր ծնվում, մինչդեռ նորման 104-100 հարաբերակցությունն է: Խնդիրը դառնում է ավելի սարսափելի, երբ ընտանիքում երկու երեխա կա, եւ ամուսինները սպասում են երրորդին. այդ ժամանակ հարաբերակցությունը հետեւյալն էՙ 160 տղա 100 աղջկա դիմաց: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն այս խնդրի կապակցությամբ հերթական ուսումնասիրությունն է կատարել, որոնք ներառվել են «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ եւ վերլուծություն» ժողովածուի մեջ:

Համաձայն ուսումնասիրության արդյունքներիՙ եթե ընտանիքներում աղջիկ երեխաների հանդեպ շարունակվի այս «վերաբերմունքը», ապա Հայաստանը 2060-ին կկորցնի գրեթե 93 000 ապագա մայրերի, իսկ բնակչությունը կնվազի 80 000-ով:
Սա մի խնդիր է, որ հնարավոր չէ մեկ օրում լուծել: Սա արժեքային համակարգ է, եւ կառավարության ընդունած օրենքը կամ հրամանագիրը չի կարող այդ համակարգի վրա ազդեցություն ունենալ: Անհրաժեշտ է ժամանակի ընթացքում այդ արժեքային համակարգում փոփոխություններ մտցնել եւ իրավիճակն այդ կերպ շտկել: Շատ կարեւոր է նաեւ հայ հասարակության ճիշտ արձագանքը, որպեսզի պայքարեն, քննադատեն, ընդդիմանան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում