Աշտարակի ավագանին՝ ընդդեմ քաղաքապետի

Աշտարակի քաղաքապետարանում փակուղային իրավիճակ է ստեղծվել: Աշտարակի նորընտիր ավագանին դեմ է քվեարկում նորընտիր քաղաքապետ Արմեն Անտոնյանի կողմից առաջ քաշված հարցերին: Սա Հայաստանի նորագույն պատմության մեջ տեղական ինքնակառավարման մարմիններում նախադեպը չունեցող երևույթ է, այն դեպքում, երբ նախկինում էլ, հիմա էլ ՏԻՄ որոշումներն ընդունվում են գրեթե միաձայն կամ, շատ դեպքում, ղեկավարի հանձնարարությամբ կազմվում է նիստի արձանագրությունը, իսկ ավագանին խոնարհաբար այն ստորագրում է:

Այս մասին գրում է «Հրապարակ»-ը և տեղեկացնում. մայիսմեկյան տոնի նախօրեին Աշտարակի քաղաքապետարանում հրավիրվել էր ավագանու արտահերթ նիստ, որպեսզի նախորդ նիստերին ավագանու կողմից դեմ քվեարկված հարցերն այդ նիստում դրական լուծում ստանային, սակայն այս անգամ էլ առաջ քաշած հինգ հարցերից երկու կարևորագույն հարց դարձյալ մերժվեց ավագանու կողմից:

Արտահերթ նիստից առաջ քաղաքապետը հանձնարարել էր քաղաքապետարանի բաժնի պետերին, որպեսզի առանձնակի ուշադրություն և վերաբերմունք դրսևորեն ավագանիների նկատմամբ, փորձեն լուծել նրանց անձնական կարգի խնդիրները, սակայն, ինչպես տեսնում ենք, այդ ուղղությամբ աշխատակազմը վատ է աշխատել, կամ էլ աշտարակցիներն այս անգամ ավագանու անդամներ են ընտրել միանգամայն անկաշառ մարդկանց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում