«Ես այդ տխուր էջը փակեցի առանց փորփրելու․․․»

«Ես այդ տխուր էջը փակեցի առանց փորփրելու․․․»

Հարցազրույց կանադաբնակ կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանի հետ

– Մաեստրո Շուժունյան, լրատվամիջոցները Ձեզ ներկայացնում են իբրեւ կանադահայ կոմպոզիտոր, մինչդեռ դուք կանադաբնակ եք: 1970-ականների կեսերին ընտանիքով մեկնել եք Մոնրեալ եւ ուսանել տեղի կոնսերվատորիայում…

– Նախ նշեմ, որ «Առավոտ» օրաթերթը ակտիվ է մշակութային իրադարձությունները հանրությանը հասցնելու գործում, որի համար իմ եւ գործընկերներիս անունից ուզում եմ երախտիքի խոսքեր հղել ձեր անձնակազմին: Այո, ես կանադաբնակ եմ, ոչ թե կանադահայ: Բայց այստեղ ինձ տեղական մամուլը ներկայացնում է կանադացի, ծագումով հայ կոմպոզիտոր: Դրա համար ինքս ինձ զգում եմ երկպատկանելության մեջ: Հավատացեք՝ գյումրեցիներս մնում ենք գյումրեցի, ուր էլ որ լինենք:

– 18 տարեկանում մեկնեցիք Կանադա եւ շուրջ 40 տարիների ընթացքում Ձեր կարիերայի սկզբում ծնված կամերային ստեղծագործությունները «վերաճեցին» մեծակտավ երկերի՝ սիմֆոնիաների ու Պատարագի: Ինչո՞ւ մինչ օրս հայրենիքում չեք ներկայացել սեփական գործերով: Ստացվում է, որ նեղ մասնագիտական շրջանակներից դուրս Դուք ճանաչված չեք հայրենիքում:

– Շատ կարեւոր է ձեր այս հարցը, ես կփորձեմ ամփոփ պատասխանել: Ծնողներիս հետ Կանադա տեղափոխվելուց հետո հաջորդ 6 տարիները ուսանողական էին, ուստի ամբողջ ուշադրությունս կենտրոնացված էր կրթական հաստատությունը հաջողությամբ ավարտելու գործին: Առաջին այցս հայրենիք 1984-ին էր: Այդժամ հանդիպեցի Էդվարդ Միրզոյանին, Ալեքսանդր Աճեմյանին, Կոնստանտին Օրբելյանին եւ Ալեքսանդր Հարությունյանին: Ինձ համար այդ տիտանների հետ գոնե մեկանգամյա շփումը պատիվ էր: Շատ զարմացա, երբ հայտնաբերեցի, որ նրանք հարեւաններ էին՝ բնակվում էին նույն շենքում: Ի դեպ, կանադացի ընկերներիս երբեւէ չեմ ասել այդ մասին, որովհետեւ պարզապես չէին հավատա:

Ես 1982-ին եմ ավարտել կոնսերվատորյան՝ մագիստրոսի աստիճանով: Այդ ժամանակ Խորհրդային Միություն էր, եւ ես համարվում էի երկրից հեռացած մեկը… Այդ կարգավիճակում ներկայանալ հայրենիքում՝ դժվար էր: Հաջորդ այցս 1993-ին էր: Ժամանակները փոխվել էին, երկիրն արդեն անկախ էր ու բոլորս գիտենք, թե ինչ վիճակ էր տիրում: Բայց ես մեծ ոգեւորությամբ փորձեցի կապեր հաստատել եւ իբրեւ կոմպոզիտոր ներկայանալ հայրենիքում: Նպատակս էր կանադական եւ հայկական ժամանակակից երաժշտության ստեղծագործողների փոխադարձ ճանաչման աշխատանքներ ձեռնարկել: Առաջին այցս եղավ Կոմպոզիտորների տուն, ուր հանդիպեցի միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին:

Գիտակցելով օրվա սահմանափակ հնարավորությունները, առաջարկեցի հայ կոմպոզիտորների գործերով մի կամերային համերգ կազմակերպել Մոնրեալում, այն ձայնագրել ու սփռել՝ հասցնելով կանադացի ունկնդրին: Հետո էլ նույն ձեւաչափով Երեւանում կազմակերպել մի կամերային համերգ՝ այս անգամ կանադացի կոմպոզիտորների գործերով, ձայնագրել, ապա ծանոթացնել հայ ունկնդրին: Ես վերադարձա Մոնրեալ՝ մի քանի կոմպոզիտորների գործերով: Այնտեղ այդ համերգը եղավ, պետական ռադիոն ձայնագրեց, սփռեց եւ ես ռադիոյի ձայնագրությունն ու կանադացի կոմպոզիտորների գործերը ուղարկեցի Երեւան՝ Կոմպոզիտորների տուն: Պիտի լիներ այն, ինչ որոշված էր, բայց, ցավոք, այն չեղավ:

Դուք պատկերացրեք իմ վիճակը կանադացի կոլեգաներիս եւ պետական ռադիոյի աշխատակազմի մոտ: Մեղադրանքների շարանի չեմ ուզում անցնել, բայց պատահածը ինձ ստիպեց հասկանալ, որ Հայաստանը դեռ պատրաստ չէր նման աշխատանքի: 2001-ին դարձյալ Երեւանում էի: Տեսա որոշ աշխուժություն, բայց զգում էի, որ դեռ շուտ է… Իսկ 2013-ը եղավ շատ հետաքրքրական տարի. կրկին հայրենիքում էի ընտանյոք հանդերձ եւ առիթը օգտագործելով հանդիպեցի մշակույթի այն ժամանակվա նախարար Հասմիկ Պողոսյանին: Նա ինձ հետ կարճ զրույցից հետո նույն հարցը տվեց, թե ուր էի ես այսքան տարի:

Անշուշտ, վերը պատմածը չպատմեցի նրան, այլ նրա սեղանին դրեցի հրաշալի մի ծրագիր: Դա իմ Պատարագն էր՝ նվիրված Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին եւ որոշված էր կատարել Մոնրեալում: Իսկ ինչո՞ւ ոչ Հայաստանում… Մշակույթի նախարարությունը պատրաստ էր ամբողջությամբ ստանձնել այդ աշխատանքը եւ ես շնորհավորում եմ տիկին Պողոսյանին՝ իր սուր հոտառության համար: Բայց, կապելլայի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանն ասաց, որ իր խումբը չի կարող այդ գործը երգել՝ շատ բարդ է… Մոնրեալում այդ գործը երգեցին օտարները՝ Սենթ Լորենս 100 հոգանոց երգչախումբը, չորս մեներգիչներով եւ երգեհոնի նվագակցությամբ: Այն կատարվեց գրաբարով, 2015-ի ապրիլի 11-ին, ապա սփռվեց ինտերնետով: Ցանկացողները կարող են իմ կայքում՝ musicaunica.com-ում լսել այդ գործը:

Ես այդ տխուր էջը փակեցի առանց փորփրելու. Աստված գիտի, թե ինչ-ինչ հարցեր եղան այն արգելակելու համար: Ես իմ կապը պահեցի մշակույթի նախարարության հետ եւ 2016-ին նախարարության հրավերով «Մոլինարի» քառյակի հետ համերգներով եղա Երեւանում: Վերջապես կարողացա իրականացնել 1993թ. իմ մտահղացումը՝ հայ հանդիսատեսին ներկայացնել կանադացի երգահանների գործերը, նաեւ 4 կվարտետներս՝ նվիրված եղեռնի զոհերի հիշատակին: Այդ ծրագրի իրականացման գործում մեծ ներդրում ունեցավ այդ օրերին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը:

Այսօր կրկին ուզում եմ իմ ծրագրերով ներդրում ունենալ հայաստանյան երաժշտական կյանքում: Ժամանակի հարց է…

– Այս տարիների ընթացքում՝ մեր տեղեկություններով, համագործակցել եք միայն տեղի հայկական կոլեկտիվների ու մենակատարների հետ: Եթե այդպես է, ապա ի՞նչն է պատճառը կամ պատճառները, որ այդպես էլ դուրս չեկաք ամերիկյան շուկա:

– Միաժամանակ երկու տեսակի գործունեություն եմ իրականացրել՝ ղեկավարել եմ հայկական երգչախմբեր եւ ստեղծագործական գործունեություն ծավալել կանադական միջավայրում: Լինելով Կոմպոզիտորների միության անդամ, ինձ առաջին ձեռք մեկնողը եղել է Կանադայի պետական ռադիոկայանը: Իմ գործերը կատարվել եւ ձայնագրվել են միայն ու միայն պրոֆեսիոնալ միջավայրում: Անշուշտ, հեշտ չի եղել: Ընդ որում, ամերիկյան եւ կանադական շուկան նույնն է: Եղել են առիթներ, որ գործերս հնչել են Նյու Յորքում, Կալիֆոռնիայում, Փենսիլվանիայում, ու միշտ ոչ հայկական միջավայրում:

– Հարցազրույցներից մեկում ասել եք, թե ծանոթ չեք հայաստանցի ժամանակակից ստեղծագործողներին, ապա հետեւյալ արտահայտությունն արել՝ Հայաստանում պետք է պայմաններ ստեղծել, հակառակ դեպքում ստեղծագործողը կգնա արտասահման եւ նման դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նա գուցե ինձ նման կապրի Կանադայում, բայց կշնչի Հայաստանում:

– Առաջին քայլերս՝ ծանոթանալ հայ կոլեգաներիս, եղավ 2015թ., Ցեղասպանության 100-րդ տարելիցի մշակութային ձեռնարկներին իրենց գործերի կատարման առիթով, Մոնրեալում: Կապվեցի Հայաստանի կոմպոզիտորների միություն եւ նրանք ուղարկեցին մի քանի լարային քառյակներ եւ ապա «Մոլինարի»-ն ընտրեց Չավուշյանի, Մանսուրյանի, Տեր-Թադեւոսյանի եւ Խաչատրյանի անավարտ կվարտետը: Այդ համերգը անցել է շատ հաջող եւ հիշատակալից: Ինձ համար հաճույք էր իմ հայ կոլեգաների գործերը լսել տալ Մոնրեալում:

2016թ. Հայաստանում գտնվելու օրերին ծանոթացա անձամբ Լեւոն Չաուշյանի, Աշոտ Բաբայանի եւ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ: Մշակույթի նախարարությունը արել էր ամեն ինչ, որ ինձ հետ լինեն հանդիպումներ… Ճիշտն ասած, ես ավելին էի սպասում, հավանաբար շատ զբաղված էին: Ձեր հարցի մյուս մասը, որ այսօր Հայաստանում ֆինանսական ռեսուրսների պակասը մեծ արգելակ է նոր ստեղծագործական մտքի զարգացման, այո, ոչ մի երաշխիք չկա, որ երիտասարդ տաղանդավոր ուժը դուրս չգա երկրից եւ պահի իր պատկանելության ոգին, դա ամեն մարդու համար չէ, իր ստեղծագործական մտքի գույնը մեծ հավանականությամբ կփոխվի դրսում եւ շատ հեշտությամբ կարող է շրջանցել: Դա մեզ համար կորուստ է: Պայման է, որ մեր երկրում լինեն երաժշտական անսամբլներ, որոնք ամբողջությամբ կատարեն նոր գործեր եւ կապի մեջ լինեն դրսի կոլեկտիվների հետ, համերգային ծրագրերի փոխանակում անեն: Դա է, որ կզարգացնի մեր ստեղծագործական միտքը: Ձայնագրություններ պետք է լինեն, այսօրվա մեդիայի միջոցները պետք է առավելագույնս գործածել: Ազգովին պետք է մտածենք եւ լուծումներ գտնենք: Պետք է անպայման կապ հաստատվի եվրոպական երկրների հետ՝ մասնագետներ հրավիրելով եւ նոր մտքերի փոխանակություններ անել, սրանք են, որ հարստացնում են ուսման մակարդակը: Ես Մոնրեալի կոնսերվատորիայում անձամբ տեսել եմ միջազգային դեմքեր: Եթե սա չկա մեզ մոտ, ուրեմն լճացում է եւ պատճառ է դառնում, որ երիտասարդ առողջ միտքը լքի երկիրը:

– Առաջիկայում սպասվո՞ւմ է Ձեր՝ իբրեւ կոմպոզիտորի այցը հայրենիք:

– Ես մեծ ուրախությամբ պիտի ուզեմ այն լինի: Անշուշտ, շատ աշխատանք է պահանջվում նման ծրագիր ոտքի հանելու համար, տա Աստված, որ կարողանամ այն հաջողացնել:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/04/09/947954/

© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Հետևեք մեզ նաև Telegram-ում