Լ. Զուրաբյանի և Վ. Օսկանյանի գաղտնազրուցի բացահայտման համար դիմել են ԱՄՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրողների եւ youtube.com -ում բեռնողների մասին տեղեկատվություն ստանալու համար ՀՔԾ-ն դիմել է «Google Inc.» «YouTube.LLC» կազմակերպություններին։ Այս մասին հայտնում է  «Ա1+»-ը:

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով միջնորդություն է ուղարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմիններին՝ այս կերպ պարզելու համապատասխան օգտատերերի գրանցման վերաբերյալ տվյալներ։

Ըստ ՀՔԾ-ի՝ միջնորդության կատարման արդյունքները դեռևս չեն ստացվել, իսկ մինչ այս պահը կատարված քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններով հնարավոր չի եղել պարզել հանցագործությունը կատարած անձին:

«Որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն ընթացքի մեջ են: Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ»,- հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին ՀՀ ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձնազրույցը գաղտնի ձայնագրառելու եւ այն համացանցում տարածելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված՝ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ գաղտնի ձայնագրվել է վերջիններիս՝ 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Ռիչ» սրճարանում տեղի ունեցած առանձնազրույցը, իսկ 2012 թվականի դեկտեմբերի կեսերին այն տեղադրվել է համացանցում։ Այդպիսով՝ լրատվության միջոցներով տարածվել են ապօրինի ձեռք բերված՝ ձայնագրության մեջ առկա անձնական գաղտնիք համարվող տեղեկությունները:

Պատգամավորները, թեեւ չեն ներկայացրել առանձին հաղորդում հանցագործության մասին, սակայն հարցաքննվել են որպես վկա՝ հայտնելով տեղի ունեցած հանդիպման մանրամասները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում