Մեղուն ու հավը
Նմանատիպ
Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
– Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:
– Իսկ դու, հավիկ – մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:
– Միթե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ – սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտես մեկ ձուն քանիս է:
– Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:
– Ինչպես կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
– Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչու ես հարյուր անգամ կչկչում, թե հայ, հարայ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է:
Այնպես չէ, իմաստուն հավիկ – մարիկ:
– Բայց դու ինչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:
– Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտես ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ – մարիկ:
Ղազարոս ԱՂԱՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։