Մանկական հեքիաթ

Մանկական հեքիաթ

Գնացի ջաղաց: Ջաղացպանն ինձ ուղարկեց փայտի: Ման եկա, ման եկա, շատ փնտրեցի, փայտ չգտա: Վերջը գտա մի քոթուկ: Խփեցի, խփեցի, շատ խփեցի ոտքով ու քարով, դուրս չեկավ տեղիցը: Ասացի.

Գնացի ջաղաց: Ջաղացպանն ինձ ուղարկեց փայտի: Ման եկա, ման եկա, շատ փնտրեցի, փայտ չգտա: Վերջը գտա մի քոթուկ: Խփեցի, խփեցի, շատ խփեցի ոտքով ու քարով, դուրս չեկավ տեղիցը: Ասացի.

-Ա՛յ քոթուկ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է կացինն ինձ կտրում:

-Ա՛յ կացին, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է դարբինն ինձ ծեծում:

-Ա՛յ դարբին, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է երկինքն ինձ տանում:

-Ա՛յ երկինք, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ամպը երեսս ծածկում:

-Ա՛յ, ամպ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, անձրևն ինչո՞ւ է մեջիցս վայր թափվում:

-Ա՛յ անձրև, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ եմ գետնին թափվում:

-Ա՛յ գետին, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ինձ վրա խոտ բուսնում:

-Ա՛յ խոտ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, տավարն ինչո՞ւ է ինձ արածում:

-Ա՛յ տավար, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է գայլն ինձ ուտում:

-Ա՛յ գայլ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, շունն ինչո՞ւ է փախցնում ինձ:

-Ա՛յ շուն, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ծեծում ինձ պառավը:

-Ա՛յ պառավ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ ինձնից չի վախենում մուկը:

-Ա՛յ մուկ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է բռնում ինձ կատուն:

-Ա՛յ կատու, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Այո, քաջ եմ, և այս մեծ տան պահողն եմ, մկներին մահ տվողն եմ, սուփրի ծայրին նստողն եմ, մեր շան աչքի գրողն եմ:

Ղազարոս ԱՂԱՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում