Ռուբեն Սաֆրաստյանը դրական է համարում Ռուսաստանի զգուշավոր մոտեցումը Սիրիայի հարցում

Ռուբեն Սաֆրաստյանը դրական է համարում Ռուսաստանի զգուշավոր մոտեցումը Սիրիայի հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իրականացնելով թվիթերյան դիվանագիտություն, ավելի է լարում աշխարհաքաղաքական իրադրությունը, ինչը թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը վտանգավոր է համարում: Նրա դիտարկմամբ՝ պահն իսկապես լարված է, եւ կան իրավիճակն ավելի լարելու միտումներ:

«Խոսքն այն մասին է, որ ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը եւ Ֆրանսիան բացահայտ հայտարարել են, որ պետք է հարված հասցնեն Սիրիային, մյուս կողմից՝ Ռուսաստանը հայտարարել է, որ եթե այդ հարձակումը տեղի ունենա, եւ վնաս հասցվի ռուսական զինված ուժերին, Ռուսաստանը պատասխան կտա: Փաստորեն, մենք տեսնում ենք, որ առաջացել է երկու բեւեռ, որոնցից մեկը փորձում է զինված գործողություններ կազմակերպել Սիրիայի դեմ, իսկ մյուսը հակադրվում է»,-նշեց նա: Բանախոսն ավելացրեց, թե, այնուամենայնիվ, լավատեսության համար դեռեւս հույսեր կան, որոնք հիմնված են այն հանգամանքի վրա, որ ռուսական եւ ամերիկյան զինված ուժերի ներկայացուցիչները բարձրագույն հրամանատարության մակարդակով պահպանում են կապ, փոխանակվում ամենօրյա տեղեկատվությամբ:

«Սա դրական է, եւ ես հույս ունեմ, որ այս միտումը մեծապես կնպաստի, որ տեղի չունենա անցանկալի եւ վտանգավոր բախում ռուսական եւ ամերիկյան զորքերի միջեւ»,-նշեց նա:

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ դրական է նաեւ Ռուսաստանի մոտեցումը, քանի որ այս ճգնաժամային իրավիճակում այն բավականին զգուշավոր է, աշխատում է հայտարարություններով էլ ավելի չլարել իրավիճակը:

«Այսօր տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ թեժ բանավեճ կլինի Ռուսաստանի եւ Արեւմուտքի երկրների միջեւ. պետք է հույս ունենալ, որ այն միայն բանավեճ չի լինի, այլ հնարավորություն գտնել, որոշակի ելք այս ճգնաժամային իրավիճակից»,-եզրափակեց նա:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել էր Սիրիային ռազմական հարված հասցնելու ժամկետներին՝ նշելով, որ ինքն երբեք չի ասել, թե երբ տեղի կունենա Սիրիային ուղղված հարվածը, դա կարող է շատ շուտով լինել կամ ամենևին էլ ոչ շուտով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում