Վահագն Խաչատրյան. «Մութ ու ցուրտ» տարիներին մենք կարող էինք երևանցիներին լույսով ապահովել

«Ռոբերտ Քոչարյանի քարոզչական մեքենան մեր ուղեղներում թողեց ցուրտ ու մութ տարիներ արտահայտությունը, առանց խորանալու պատճառների մեջ: Վիրավորվածություն կա, բայց ոչ երեւանցիներից: Պետք է դեռ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն հայտնեն այդ տարիների չարչարանքի համար, որովհետեւ իրենք շատ լավ գիտեն’ ինչ պատճառով էր Երեւանում այդ վիճակը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը և հավելեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պետք է շնորհակալություն հայտնեն երեւանցիներին «մութ ու ցուրտ» տարիներին նրանց չարչարանքների համար:

Նրա խոսքով` այդ տարիներին հնարավորություն կար ՀՀ-ի բնակիչներին լույսով ապահովելու, սակայն այդ դեպքում էլեկտրաէներգիայից զրկված կլիներ Լեռնային Ղարաբաղը:

Բանախոսը հույս հայտնեց, որ երևանցիները իր ղեկավարման տարիների վերաբերյալ ավելի շատ դրական կարծիք կունենան, քան բացասական:

Խոսելով 2009-թվականի ավագանու ընտրություններին, երբ ՀԱԿ-ը  հրաժարվեց ավագանու կազմում աշխատելուց Խաչատրյանն ասաց. «Ընտրությունները եղել են կեղծված, արդյունքները մենք բողոքարկելու էինք… ամեն անգամ այս հարցը տալիս են, բայց եւս մեկ անգամ ասեմ, որ մենք Սահմանադրական դատարանում բողոքարկելու համար փաստաթուղթ էինք պատրաստել, բայց չներկայացրինք, որովհետեւ այդ ժամանակ ՀԱԿ դաշինքին մաս կազմող մարքսիստական կուսակցությունը հրաժարվեց ստորագրել փաստաթղթի տակ… արդյունքում ավագանին ոչինչ չարեց երեւանցու համար, որովհետեւ թվերը նկարեցին, ասացին’ դուք ավագանի եք»: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում