Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերն իր աջակցությունն է հայտնել մրցավար Մայքլ Օլիվերին՝ միևնույն ժամանակ հանգստանալու կոչ անելով «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնին։
Հիշեցնենք, որ Մայքլ Օլիվերը սպասարկել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Ռեալ» – «Յուվենտուս» (1:3) պատասխան հանդիպումը, որի վերջնամասում 11-մետրանոց է նշանակել թուրինյան թիմի դարպասն ու կարմիր քարտ ցույց տվել Ջանլուիջի Բուֆֆոնին։ Հանդիպումից հետո «Յուվենտուսի» ներկայացուցիչները դժգոհել էին մրցավարությունից, իսկ Բուֆֆոնը հայտարարել էր, որ մրցավարը չպետք է սրտի փոխարեն աղբաման ունենա։
«Մայքլ Օլիվերին և նրա կնոջն ուղղված վիրավորանքներն անտանալի են։ Ես Բուֆֆոնի մեծ երկրպագու եմ, սակայն խաղից հետո նրա պահվածքն ընդունելի չէ։ Բուֆֆոնն անցնում է թույլատրելիի սահմանները։ Օլիվերն իր աշխատանքն է կատարել և բարդ է քննադատել նրա որոշումները։ Ես հասկանում եմ, որ հիմա էմոցիաներն են խոսում, սակայն հանգստանալու ժամանակն է, Ջանլուիջի՛»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Լինեկերը։