Վահագն Խաչատրյանը զգում է` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում լուրջ խախտումների են պատրաստվում

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում լուրջ խախտումների են պատրաստվում, լուրջ ուժային փորձարկումներ կարող են անել կամ ուժ կիրառել: Ես զգում եմ եւ ընդհանուր մթնոլորտից, եւ բոլոր խոսակցություններից, եւ նրանից, ինչ որ այսօր կատարվում է մեր հանձնաժողովի անդամների, վստահված անձանց հետ, երբ փորձում են նրանց հետ կապվել, ինչ-որ հարաբերություններ ճշտել, խորամանկությունների են դիմում: Ես եզրակացնում եմ, որ չի բացառվում, որ Մալաթիա-Սեբաստիայում ինչ-որ ընդհարումներ լինեն»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը:

Այն հարցին՝ պատրա՞ստ եք դիմակայելու, պարոն Խաչատրյանն ասաց. «Մենք պատրաստ ենք օրենքի շրջանակներում բոլոր ձեւերով պայքարելու: Կանեն այդպես, մենք օրենքով կպաշտպանվենք, եթե տեսնենք, որ դա չի գործում՝ մի այլ ձեւ կգտնենք: Այնպես չէ, որ ձեռքներս ծալած նստելու ենք»: Պարոն Խաչատրյանն այն կարծիքին է, որ բոլոր տեղամասերում իրենք վերահաշվարկ են պահանջելու, քանի որ, ըստ նրա, առկա ընտրացուցակներն արդեն պոտենցիալ խախտումներ են պարունակում. «Եթե ցուցակները մաքրեին, Հայաստանում 2 միլիոն 600 հազար ընտրող չկա, Երեւանում 880 հազար ընտրող չկա»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում