Ռաֆիկ պապիկն ու Հաֆիկը․․․

Ռաֆիկ պապիկն ու Հաֆիկը․․․

Հաֆիկ, -այսպես էր կանչում Ռաֆիկ պապիկը իր շանը: Երբ մեկը ձայն էր տալիս` Ռաֆիկ,Ռաֆիկ, շունն այնպես էր հաֆ, հաֆ անում,կարծելով թե` կանչում են Հաֆիկ, Հաֆիկ:

Հաֆիկը տիրոջը շատ էր սիրում, Ռաֆիկ պապիկն էլ իր Հաֆիկ շանն էր շատ սիրում: Հաճախ էր նրա կապը քանդում,բայց պարանը միշտ ձեռքում էր պահում: Զբոսանքի էին գնում միասին: Հաֆիկը գիտեր,որ զբոսնելիս ոչ մեկի վրա չպիտի հաչի, սա հո տուն պահպանել չէր: Հետո, այնպես հաճելի էր տիրոջ ստվերի տակ քայլելը, ոչ մեկը քար չէր գցում, գիտեին որ անտեր շուն չէ:

Մի անգամ Ռաֆիկ պապիկը առանց Հաֆիկի գնաց մոտակա թավուտը օջախի համար կպչան բերելու:

-Հաֆիկ, տես, տունը մարդ չմտնի, -պատվիրեց Ռաֆիկ պապիկը:

Հարևանի կատուն շատ երեսառածի մեկն էր:Ոնց չէր սիրում Հաֆիկը նրան: Ոնց էր զայրանում, երբ հարևանը նրա հետ էր գալիս Ռաֆիկին հյուր: Առնում էր գոգին,փաղաքշում:Ոնց էր համբերում Հաֆիկը, որ չհարձակվի ու նրան չգզգզի: Ախր Ռաֆիկ պապիկը սաստում էր իրեն: Ասում էր` Հաֆիկ, տեղդ նստիր:

Հիմա, այդ մլավանը չի տեսնում,որ տերը տունն իրեն է վստահել: Այսպես անվախ, հաստատ քայլերով էս ուր է առաջանում: Վայ, տես է, թռավ նստեց Ռաֆիկ պապիկի պատուհանի գոգին: Հիմա տուն կմտնի, պատուհանը մոռացել է փակել Ռաֆիկ պապիկը: Դե,չէ,կարող է բաց է թողել տունն օդափոխելու համար:Բա Հաֆիկն ինչի համար է էստեղ, որ պահպանի տունը գողերից ու սրա նման աներես կատուներից:

Այ, այ, այ, ոնց էր չարացել Հաֆիկը: Էլ ոնց տեղը նստեր: Ոնց էր` հաֆ-հաֆ հաչում, իսկ կատվի պետքն էլ չէր: Կապիդ մնա, Հաֆիկ, – երևի մտածում էր կատուն ու պատրաստվում պատուհանից տուն մտնել:

Չէ, սա արդեն չափազանց վիրավորական էր Հաֆիկի համար, նա ձենը գլուխը գցած անպես կատաղած էր թռչում աջ ու ձախ, որ կապը կտրեց: Կատուն սարսափահար պատուհանից ներս ցատկեց, Հաֆիկը թռավ նրա ետևից: Մի այնպիսի իրարանցում, մի այնպիսի մրձավազք սկսվեց Ռաֆիկ պապիկի տան, որ թող ու փախի: Հաֆիկը կատվի ետևից ընկած չտեսավ, թե վզի պարանը ոնց կապվեց սեղանի ոտին, իսկ կատուն սեղանի երեսն էր լպստում: Շրջված կաթի շշից թափվող կաթը այնպես էր խմում, կարծես իրեն համար էր դրել Ռաֆիկ պապիկը:

Երբ Ռաֆիկ պապիկը տուն եկավ, ամբողջ տունը տակն ու վրա էր արած: Իսկ կատվի պետքն էլ չէր, դռնից դուրս սողաց կպչելով Ռաֆիկ պապիկի ոտքերին: Հաֆիկը տխուր հաֆ-հաֆ արեց կատվի վրա:

Ռաֆիկ պապիկը ամեն ինչ հասկացավ.

-Հաֆիկը` ավելի լավ, էլ ինչպես պաշտպաներ տունը …

Հասմիկ Աջամյան
Աղբյուր՝ hetqiat.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում