Ո՞րն է այն ողջամիտ երաշխիքը, որ Դուք կարողանալու եք հաջողություններ արձանագրել. Գևորգ Պետրոսյանը՝ Սերժ Սարգսյանին

Ո՞րն է այն ողջամիտ երաշխիքը, որ Դուք կարողանալու եք հաջողություններ արձանագրել. Գևորգ Պետրոսյանը՝ Սերժ Սարգսյանին

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ապրիլի 17-ին խորհրդարանում դիմելով վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին՝ նախ խոսեց նրա հարուստ կենսագրության և հայրենիքի պաշտպանության գործում դերի մասին։ Պատգամավորը, սակայն, ընդգծեց, որ անվտանգությունը միայն սահմաններով չի ավարտվում։

«Այն, որ այսօր սոցիալական անվտանգության վիճակը գովելի չէ, դրա վառ ապացույցը աղքատության բարձր մակարդակն է, որ ունենք ժողովրդագրական անվտանգության խնդիր, դրա վառ ապացույցը շարունակվող արտագաղթը և ծերացող հասարակությունն է, տնտեսական անվտանգության անվիճելի ապացույցը կեղեքիչ հարկային քաղաքականությունն է, որ ունենք քաղաքական-հասարակական անվտանգության խնդիր՝ դրա վառ ապացույցն ընդամենը 200 մ այն կողմ ընդվզող հասարակությունն է»,- ասաց նա՝ հավելելով, որ նաև իրավական անվտանգության խնդիր ունենք, քանի որ բոլորն էլ գիտեն՝ այսօր արդարադատության համակարգը մեղմ ասած մխիթարելի վիճակում չէ։

Պետրոսյանը համաձայնեց մտքի հետ, որ վարչապետի սահմանադրական կարգավիճակը նախկինում նախագահի կարգավիճակից տարբերվում է, սակայն նշեց. «Մեզ և հասարակությանը մի հիմնական հարցադրում է հետաքրքրում՝ ո՞րն է այն ողջամիտ երաշխիքը, որ գերվարչապետական լիազորություններով օժտված լինելով՝ Դուք կարողանալու եք հաջողություններ արձանագրել վերոնշյալ ոլորտներում»։

Սերժ Սարգսյանն արձագանքեց, որ չի կարող այդտեղ հայտարարել, թե տեսանելի ապագայում վերոնշյալ բոլոր պրոբլեմներն ու խնդիրներն իսպառ վերացվելու են մեր երկրից, և մեր երկիրը գուցե մի քիչ հեռվից, բայց նմանվելու է դրախտի։ Նա ևս նշեց, որ անվտանգությունը միայն արտաքին ուժերի նետած մարտահրավերների կանխումը չէ, այլև տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ խնդիրների լուծումը։ Սարգսյանն ասաց, որ հենց այս պրոբլեմների առկայությունն է նաև բերել սահմանադրական բարեփոխումներ իրականացնելուն։

«Կառավարությունը Հայաստանի միակ գործադիր իշխանությունն է լինելու, և նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս ուժերը կենտրոնացնել հենց այդ պրոբլեմների վրա։ Այո, մեր «արնահոսող վերքը» արտագաղթն է, որը թեպետ միայն Հայաստանին չէ բնորոշ, ոչ միայն նախկին Խորհրդային երկրներին, ոչ միայն Արևելյան, այլև նույնիսկ Արևմտյան Եվրոպային, որովհետև միգրացիոն պրոցեսները բոլոր տեղերում գոյություն ունեն, ուղղակի մեր պարագայում, քանի որ քիչ ենք, դա շատ ցավոտ է անդրադառնում, բացի դրանից, մեր ներուժը կարող է հասնել մի այնպիսի կետի, երբ բավարար չլինի ապահովելու նույնիսկ սահմանների պաշտպանությունը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ դա նաև քաղաքական ու իրական հակառակորդների ցանկությունն է ու նպատակադրումը։

Սերժ Սարգսյանը մի քանի կետերով նշեց՝ ինչի է հասել Հայաստանի Հանրապետությունն այս 10-11 տարիների ընթացքում՝ որպեսզի հնարավոր լինի ճիշտ պատկերացում կազմել, ինչպես նաև այն պատճառով, որ ընդդիմախոսները մշտապես խոսում են Հայաստանի տնտեսության կրճատման ու ապագայում ամբողջովին ձախողվելու մասին։ Նա ներկայացրեց, որ 2007-ի սկզբին ՀՆԱ-ն կազմել է 2 տրիլիոն 656 միլիարդ դրամ, իսկ 2017-ի վերջում՝ 2018-ի սկզբին՝ 5 տրիլիոն 580 մլրդ դրամ, այսինքն՝ աճել է 2,1 անգամ, ԱՄՆ դոլարով՝ ՀՆԱ-ն 6 միլիարդ 385 մլն դոլարից հասել է 11 միլիարդ 560 միլիոն դոլարի, աճը եղել է 1,8 անգամ։ 1 շնչին հասնող ՀՆԱ-ն 2007-ին եղել է 849 հազար՝ հիմա 1 մլն 873 հազար դրամ, աճը կազմել է՝ 2,2 տոկոս։ ԱՄՆ դոլարով՝ այս ցուցանիշը 2 042-ից հասել է 3 880 դոլարի։

«Մի ցուցանիշ ուզում եմ ընդգծել. 2007 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում եղել են դրամական ավանդներ՝ ֆիզիկական անձանց կողմից՝ 143, 6 միլիարդ դրամի, 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ՝ դրանց փողային քանակը կազմել է 1 տրիլիոն 553 միլիարդ դրամ։ Այսինքն՝ մեր քաղաքացիների խնայողությունները 10 անգամ ավելացել են։ Որպեսզի չխոսեն այն մասին, որ այս երկրում միայն հարուստներն են փող պահում կամ ավանդ դնում բանկերում՝ նշեմ, որ այս 1 տրիլիոն 553 միլիարդի ճնշող մեծամասնությունը մինչև 7 միլիոն դրամ ավանդներն են»,- ասաց նա։

Սարգսյանն ընդգծեց՝ 1 մլն ՀՀ քաղաքացի ավանդ ունի, և սրանք թվեր են, որոնցից անհնար է խուսափել, և սրանք կարևոր են՝ հասկանալու համար, որ ցանկացած կայունության, այդ թվում՝ արտագաղթը կանխելու համար, տնտեսական հիմքը անփոխարինելի է։ Վարչապետի թեկնածուն մեջբերեց ևս մեկ ցուցանիշ, այն է՝ 2007 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառված էր 333 հազար ավտոմեքենա, իսկ 2018 թ. հունվարի 1-ին՝ 616 հազար, 2018-ի առաջին եռամսյակում էլ եռապատկվել է ներմուծված ավտոմեքենաների թիվը՝ 2017 թ. համեմատ։ Սա, ըստ Սարգսյանի, կենսամակարդակը որոշակի չափով բնութագրող հանգամանք է։

Գևորգ Պետրոսյանն արձագանքեց՝ նշելով, որ ինքը հավաստիության կանխավարկածով է մոտենում այդ թվերին, սակայն հետաքրքրվեց՝ եթե իսկապես դա այդպես է, ինչու է շարունակվում արտագաղթը։

«Ձեր բերած օրինակներում այդ ավտոմեքենաները, որ շատացել են, իմ խորին համոզմամբ՝ նույն մարդուն պատկանող ավտոմեքենաներն են շատացել։ Երկրորդը՝ ինչու՞ է մի քանի մասնագիտության տեր անձը տոնավաճառում շոր վաճառում»,- ասաց նա։

Սերժ Սարգսյանը հորդորեց հավատալ այն թվերին ու հայտարարություններին, որոնք հնչում են իր շուրթերից, որովհետև նախ՝ իրավունք չունի չստուգված թվեր հայտարարելու, երկրորդ՝ իր հնչեցրած բոլոր թվերի հիմքը ՀՀ վիճակագրական ծառայության թվերն են։

«Վստահ եմ, որ Դուք տեղյակ եք՝ գոնե այն ժամանակի համար, երբ աշխատում էիք Կառավարությունում, որ մեր վիճպետկոմն ունի լավագույն բնութագիրը եվրոպական և միջազգային կառույցների կողմից, այնպես որ հավատացեք, և եթե անհրաժեշտություն կա, կարող եմ գրավոր ուղարկել։ Իսկ ինչու՞ է արտագաղթը շարունակվում, որովհետև այդ թվերը դեռ չեն բերել այն հանգամանքին, երբ ՀՀ բոլոր քաղաքացիներն իրենց կարող են համարել բարեկեցիկ ապրողներ»,- ասաց նա։

Սարգսյանը հիշեցրեց՝ մենք 1 շնչին բաժին ընկնող ընդամենը 4000 դոլարին համարժեք ՀՆԱ ունենք, իսկ համարժեքության գործակցով հաշված՝ դա 9 000-ից մի քիչ ավելի է, այսինքն՝ առնվազն 5-6 անգամ միջին եվրոպական չափանիշից պակաս։ Արտագաղթին անդրադառնալով՝ նա նշեց, որ բազմաթիվ պատճառներ կան, որոնց մասին մինչև վերջ բաց խոսելը նպատակահարմար չէ։ Ասվածի հնարավոր քննադատությանն արձագանքելով՝ Սերժ Սարգսյանը նշեց՝ միշտ էլ կան հանգամանքներ, որոնք պետք է ստիպեն՝ մի քիչ զգուշանալ ամեն ինչ հրապարակայնորեն ասելուց։

«Ակնհայտ է, չէ՞, որ մեր երկխոսությունն այսօր լսում են ոչ միայն ՀՀ քաղաքացիները, մեր բարեկամները, այլև մարդիկ, ովքեր մշտապես ինչ-որ բան են փնտրում։ Եթե այդ խնդիրները չլինեին, ինչու՞ պետք է մինչև 2040 թ. ծրագիր առաջարկեինք, որն ընդ որում շատերի կողմից նաև քննադատվում է, բայց կգա ժամանակը և կտեսնենք։ Ես 40 թ.-ինը չեմ տեսնի, մեր զավակները կտեսնեն, Դուք երիտասարդ եք, կարող եք տեսնել, բայց հավատացեք, որ մեր երկիրը շատ նորմալ առաջ է գնում»,- ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում