Հայաստան ներմուծված սերմնահեղուկը Իսրայելից չէ. ՊԵԿ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն քիչ առաջ պարզաբանում է ներկայացրել երեկ Ազգային ժողովում սերմնահեղուկի ներկրման վերաբերյալ հրապարակումներին. «Մայիսի 2-ին որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ անդրադարձել են առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանին` ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի ուղղած հարցին. վերջինս հետաքրքրվել է, թե՞ արդյոք Հայաստանում կա սերմնահեղուկ ներմուծելու մշակված քաղաքականություն` ավելացնելով, որ իբր մաքսային ծառայությունը տրամադրել է տվյալներ, որի համաձայն Հայաստան է ներմուծվել մեծաքանակ սերմնահեղուկ Իսրայելից: Այս մասին գրում է Panorama.am-ը:

Այս առնչությամբ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետություն 2011թ. ընթացքում ներմուծվել է 2 կգ. սերմնահեղուկ` 98.552 դրամ մաքսային արժեքով (ԱՏԳ ԱԱ ծածկագիր` 30012010): Ներմուծումը կարգավորվել է «ՀՀ դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 20.03.2000թ. N 581 որոշմամբ:

Այս մասին պատգամավորը տեղեկացվել է 2012թ. մարտին` իր կողմից նույն ժամանակահատվածում արված հարցման հիման վրա: Ի դեպ սերմնահեղուկի նշված խմբաքանակը, որի ծագման երկիրը Ավստրալիան է, 2011թ-ից մին օրս միակն է և ներմուծվել է Մեծ Բրիտանիայից: ՊԵԿ-ին անհասկանալի է, թե Իսրայելից ներմուծված ի՞նչ սերմնահեղուկի մասին է նշել պատգամավորը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում