Է. Նալբանդյանը պատասխանում է ԵԽ-ում ՀՀ նախագահության վերաբերյալ հարցերին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է լրագրողների հարցերին ԵԽ-ում ՀՀ նախագահության վերաբերյալ` մասնավորապես ասելով.

«Երկու շաբաթից մենք Ստրասբուրգում կներկայացնենք Եվրախորհրդում մեր նախագահության գերակայությունները և մանրամասն ծրագիրը և դուք կստանաք ձեր բարձրացրած հարցերի պատասխանները:

Լսումների ընթացքում հնչած որոշ հարցերին ես մանրամասն չանդրադարձա, տվեցի ընդհանուր պատասխաններ: Բացատրեմ ինչու: Oրինակ, ատոմակայանի փակման վերաբերյալ. այն պնդումները, որ Հայաստանի առջև «ուլտիմատում» է դրված, սխալ ձևակերպում է։ Որպես արտգործնախարար կարող եմ ասել, որ «ուլտիմատումներով» մեր հետ ոչ ոք չի խոսում։ Երկրորդը, ատոմակայանի խնդիրը Եվրախորհրդի օրակարգի հարց չէ:

Ինչո՞ւ ենք որոշել «Սպարտակ» բալետը ներկայացնել Ստրասբուրգում: Ասեմ ինչու։ Գիտեք, որ 20-րդ դարի ամենահայտնի դասական երաժշտական գործերը Ռավելի «Բոլերո»-ն է և Խաչատրյանի «Գայանե» բալետից «Սուսերով պարը»: Արամ Խաչատրյանը համաշխարհային հեղինակություն է։ Իհարկե, այդպիսի կոմպոզիտոր ունենալ, ով մեր այցեքարտը կարող է համարվել և նրա ստեղծագործությունը մեր նախագահության շրջանակներում Ստրասբուրգում ներկայացնելը մեծ պատիվ է և մենք չէինք կարող բաց թողնել նման հնարավորությունը: Բայց եթե այլ նախաձեռնություններ լինեն, ապա մշակույթի նախարարության հետ համատեղ կկազմակերպվեն նաև այլ միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առնչությամբ ինչ-որ թվեր հնչեցին: Ես չցանկացա պոլեմիկայի մեջ մտնել: Կան երկրներ, որոնց դեմ տասնապատիկ ավել հայցեր են ներկայացված… Բնական է, մենք միացել ենք համապատասխան կոնվենցիաների, ԵԽ գործող համակարգի մաս ենք կազմում, ուրեմն երբ որ լինում են բողոքներ, համապատասխան որոշումներ, պետք է հարգանքով և ըմբռնումով վերաբերվել դրանց:

Այսօր մենք տեսանք, որ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից բաց և անկաշկանդ ձևով բավական սուր հարցադրումներ են հնչում, և որևէ մեկն իրենց չի ասում՝ ինչո՞ւ եք այդ հարցերը դնում։ Եվ դա անկախ նրանից այդ հարցերը հիմնավորված են թե ոչ։ Ինքնին դա արդեն ցույց է տալիս, որ մենք շատ մեծ ճանապարհ ենք անցել:

Երբ մենք ստանձնում ենք նախագահությունը, որևէ մեկը Եվրախորհրդից չի ասում թե դուք ունեք խնդիրներ։ Դա Հայաստանում իրականացված բարեփոխումների արդյունք է։ Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարը երբ այցելեց Հայաստան, չասաց, որ Հայաստանը որևիցե խնդիր ունի նախագահություն ստանձնելու իմաստով։ Հակառակը, նշվեց այն բարձր մակարդակի համագործակցության մասին, որը հաստատվել է Եվրախորհրդի և Հայաստանի միջև:

Չմտնելով Հայաստան – Ադրբեջան հակադրության մեջ, բայց եթե ասում ենք, որ մեր հարևան երկիրը կարող է նույնպես ստանձնել ԵԽ նախագահությունը, ապա կարող ենք ավելացնել, որ հենց իրենք խնդիրներ ունեն։

Ասել, որ մենք ինչ-որ հատուկ մոնիտորինգի տակ ենք ԵԽ առջև մեր պարտականությունների իրականացման առումով, դա այդքան էլ այդպես չէ: Արդեն համապատասխան ենթահանձնաժողովը որոշում է կայացրել, որ Հայաստանը փոխադրվում է ընդհանուր մոնիտորինգի հարթություն, ինչպես այլ անդամ երկրներ:

Մենք բավական ջանքեր ենք գործադրել և գործադրում բարեփոխումներ իրականացնելու առումով: Հարցադրումներին, որոնք բարձրացվել էին ԵԽԽՎ զեկուցողների կողմից մենք ամբողջ լրջությամբ ենք մոտեցել և համապատասխան աշխատանք է տարվել, որը դրական գնահատականի է արժանացել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում