Օլիգարխները Հայաստանում ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության մեջ են

Ընդդիմադիր քաղաքական ուժերը հաճախ են խոսում այն մասին, թե Հայաստանում կա քաղաքական և տնտեսական մենաշնորհ, և սրա անմիջական մեղավորներն օլիգարխներն են:

Ֆրանսիայի ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը «Ժամանակի» հետ զրույցում նշել, է որ Հայաստանում քաղաքական և տնտեսական մենաշնորհի հիմնական մեղավորն օլիգարխներն են, սակայն կարծիք է հայտնել, որ տարբեր ժամանակներում նրանք Հայաստանում եղել են թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կազմում. «Ցավն այն է Հայաստանում, որ ոչ միայն ամեն ինչ չի արվել նման վիճակ չունենալու համար, այլ նաև մնացած բոլոր ուժերն իրենց մեջ ունեն օլիգարխներ: Ես չգիտեմ հիմա կոնկրետ «Բարգավաճ Հայաստանը» համարվո՞ւմ է ընդդիմադիր, թե ոչ, բայց ինչպես կարող են պայքարել քաղաքական կամ տնտեսական մենաշնորհի դեմ, երբ իրենց առաջնորդն օլիգարխ է: Նրանք միայն վերջերս են կոալիցիայից դուրս եկել, բայց մինչ այդ իրենք էին իշխանության մասը կազմում։ Անշուշտ, անհերքելի է, որ օլիգարխներն այսօր ամենաշատը հենց իշխող կուսակցության մասն են կազմում, բայց մյուս կուսակցություններում էլ կան:

Հարցին՝ ո՞րն է իրավիճակից դուրս գալու ճանապարհը, եթե ոչ ընդդիմությունը, որի առանձին ներկայացուցիչներ հանրահավաքներում, իրենց հարցազրույցներում պարբերաբար խոսում են քաղաքական և տնտեսական մենաշնորհից ազատվելու մասին, Կ․ Մինասյանը պատասխանել է. «Եթե այս կառավարությունը նույն կազմով վերանշանակվի, ապա դեռ երկար որևէ փոփոխություն չենք տեսնի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում