Լրագրողական ազատությունը մտքի ազատությունն է, և ոչ՝ պահվածքի

Մամուլի ազատության օրվա առիթով իր վերլուծության մեջ «Ազգը» գրում է.

«Մեր ոլորտում ազատություն ասվածը մի տեսակ այլ ենթատեքստ է ստացել, դարձել է սանձարձակություն: Լրագրողի զենքը հարցերն ենՙ սուր եւ դիպուկ: Սուր եւ դիպուկ դեռեւս չի նշանակում վիրավորել, սարկազմով ու հեգնանքով ծոր տալ հարցը կամ մազերի հետ խաղալովՙ «քնքշորեն» վիրավորել դիմացը կանգնած քաղաքական գործչին: «Եթե քո հարցին չեն պատասխանում, դա նույնպես պատասխան է»: Սա լրագրողական ամենահայտնի ասացվածքներից մեկն է, մինչդեռ մենք հաճախ ենք այն անտեսնում: «Իսկ դուք չե՞ք կարծում այսպես, իսկ դուք չե՞ք կարծում այնպես, իսկ ինչո՞ւ չեք ասում, ինչո՞ւ անկեղծ չեք, լավ, էլի, պարոն էսինչյան, հիմա դուք մեր հարցին չե՞ք պատասխանելու, ո՞ւր եք գնում, եկեք իմ հարցերին առանձին պատասխանեք» ու նմանատիպ հարցերի մի ամբողջ տարափ է թափվում հատկապես այն քաղաքական գործիչների գլխին, ովքեր, մեղմ ասած, նախ չգիտեն, թե ինչո՞ւ են ԱԺ-ում եւ չգիտենՙ ինչպե՞ս խոսել եւ ինչպե՞ս պատասխանել լրագրողների հարցերին: Լրագրողներից ազատվելու համար քաղաքական գործիչները, օլիգարխ բիզնեսմենները վիրավորում են, հրում, անպատվում լրագրողներին, ու պատրաստ է սկանդալը, որը մի քանի օր շարունակ քննարկվում է սոցցանցերում, հետո մարում:

Իրականում լրագրողական ազատությունը մտքի ազատությունն է, հոդված գրելու, հարց տալու եւ պարզաբանումներ պահանջելու, այն չի ենթադրում հագուկապի, բառապաշարի ազատություն, վիրավորանք եւ սադրանք: Այս պարագայում ազատությունը վերածվում է սանձարձակության, եւ պատասխանն էլ լինում է համարժեք: Իրականում խնդիրը չափազանց լուրջ է, որովհետեւ նման պահվածքով լրագրությունը եւ լրագրողներ հասկացությունը նսեմացվում է ու կորցնում իր արժեքը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում