Մայիսի 18-ին «Թանգարանային գիշերն է». տարբեր մշակութային ծրագրեր թանգարաններում

Ամեն տարի մայիս ամսին Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Հայաստանյան թանգարաններն այս միջոցառմանը մասնակցում են 2005 թվականից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Մշակույթի Նախարարությունից:

«Թանգարանների գիշեր» միջոցառումն այս տարի կանցկացվի մայիսի 18-ին: Այս օրը համընկել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՈՄ-ի նախաձեռնությամբ նշվող Թանգարանների միջազգային օրվա հետ: Յուրաքանչյուր տարի առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու թանգարանների գործունեության բազմազանությունը: Այս տարվա կարգախոսն է «Թանգարանները որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր»:

ՀՀ մշակույթի նախարարությունը, ի թիվս այլ միջոցառումների, 2013 թ. մայիսի 22-ին և 23-ին կանցկացնի «Թանգարանները որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» կարգախոսով գիտաժողով: Գիտաժողովին մասնակցելու համար հրավիրվում են երիտասարդ թանգարանագետներ:
Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 7-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում