ՀԱԿ. «Դատարանը, փաստորեն, ոչնչացրեց ՍԴՀԿ կուսակցությունը»

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.  

«Դատարանը մերժեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հայցը, որով պահանջվում էր չեղյալ համարել ՍԴՀԿ 8-րդ՝ իրականում տեղի չունեցած համագումարի արձանագրությունը։Իր այս որոշմամբ դատարանը, փաստորեն, ոչնչացրեց ՍԴՀԿ կուսակցությունը՝ այդ անունը կրելու իրավունքը փոխանցելով իշխանության վերահսկողության տակ գտնվող մի խմբակի: Այս կերպ վարչախումբը կամակատար դատարանի միջոցով պատժում է ՍԴՀԿ կուսակցությանը, որը 2007 թվականից ի վեր կանգնեց ավազակապետական վարչախմբի դեմ ծավալված համաժողովրդական շարժման կողքին՝ ակտիվորեն մասնակցելով նրա պայքարին։

Դրանով ռեժիմը պատժում է կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության կազմում խորհրդարանում ծավալած գործունեության համար:

Արդարադատություն իրականացնելու կոչված դատարանի արածն այլ բան չէ, քան քաղաքական վենդետա, ոտնձգություն քաղաքացիների՝ ազատ ասոցիացիաների սահմանադրական իրավունքի դեմ։ «Հայ ազգային կոնգրեսը» դատապարտում է վարչախմբի հերթական այս ապօրինությունը, որը կշտկվի և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, երբ Հայաստանում կվերականգնվի սահմանադրական կարգը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում