ԱԱԾ-ն Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչություններ է կանխել

ԱԱԾ-ն Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչություններ է կանխել

Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հաղորդագրություն Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների հետ առնչություն ունեցող ՀՀ քաղաքացիներ Հ.Բ-ն և Շ.Մ-ն ,ստեղծելով հանցավոր համագործակցություն և ղեկավարելով այն, նպատակադրվել են Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի գործադրմամբ Հայաստանի Հանրապետությունում ձևավորել համատարած վախի մթնոլորտ և, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելով՝ վերջիններիս առաջադրել որոշակի գործողություններ կատարելու պահանջներ։

Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Հ.Բ-ն և Շ.Մ-ն, ինչպես նաև վերջիններիս ենթադրյալ 4 հանցակիցները բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ և ձերբակալվել։

Այս մասին տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

ԱԱԾ հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ Սահմանադրության, օրենքների, իրավական ակտերի և միջազգային պայմանագրերի հիման վրա կոչված լինելով ներքին և արտաքին սպառնալիքներից ապահովել անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, հանրապետությունում օպերատիվ իրավիճակի վերլուծության արդյունքում արձանագրում է ահաբեկչական և ծայրահեղական դրսևորումների աճի միտումներ, որպիսիք անմիջականորեն սպառնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը։

Այսպես՝

ԱԱԾ կանոնադրական խնդիրներին առնչվող հետախուզական և հակահետախուզական գործունեության, ինչպես նաև հանցագործությունների դեմ պայքարի գործառույթների իրականացման ընթացքում վերջին ժամանակահատվածում պարբերաբար տեղեկություններ են ստացվում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հակաիրավական քայքայիչ գործունեության, ծայրահեղական հայացքների տարածման, անհանդուրժողականության և բռնության քարոզի արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական ոտնձգությունների առաջացմանը, զարգացմանը և իրականացմանը նպաստող գործոնների ձևավորման մասին։

Մասնավորապես, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել պարբերաբար սահմանադրական կարգի հիմունքների և պետության ու հասարակական անվտանգության դեմ ուղղված հակաիրավական գործողություններ ծրագրելու կապակցությամբ դեռևս նախկինից ՀՀ ԱԱԾ տեսադաշտում գտնվող տարբեր անձանց ակտիվացման և վերջիններիս կողմից առանձնապես ծանր նոր հանցագործությունների նախապատրաստմանն ուղղված գործողություններ կատարելու վերաբերյալ։

Ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների հետ առնչություն ունեցող ՀՀ քաղաքացիներ Հ.Բ-ն և Շ.Մ-ն ստեղծելով հանցավոր համագործակցություն և ղեկավարելով այն, նպատակադրվել են Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում, այդ թվում՝ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, տրանսպորտային միջոցների և կամուրջների տակ, հաղորդակցության այլ ուղիներում, ինչպես նաև բնակելի տների շրջակայքում տեղադրվող 100-150 հատ հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի գործադրմամբ անձանց, այդ թվում՝ ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց մահվանը կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն ուղղված պայթյուններ և հանրավտանգ հանցավոր այլ գործողություններ իրականացնելու միջոցով Հայաստանի Հանրապետությունում ձևավորել համատարած վախի մթնոլորտ և, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելով՝ վերջիններիս առաջադրել որոշակի գործողություններ կատարելու պահանջներ։

Ըստ նույն տեղեկությունների՝ Հ.Բ-ն և Շ.Մ-ն ահաբեկչական վերոհիշյալ գործողություններն իրագործելու նպատակով պատրաստել և փորձարկել են պայթուցիկ սարք, բացի այդ, նման սարքերի տեղադրման, գործարկման և հանրավտանգ այլ գործողությունների իրականացման համար փորձել են հավաքագրել և հանցավոր համագործակցությանը մասնակից դարձնել նաև այլ անձանց՝ վերջիններիս համոզելու, նրանց ընտանիքների անդամներին հնարավոր վտանգներից զերծ պահելու նպատակով թաքցնելու և նյութական կարիքները հոգալու խոստումներ տալու եղանակով։

Վերը նկարագրված դեպքերի առթիվ 2018 թվականի ապրիլի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը, ինչպես նաև հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 35-217-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից ահաբեկչության նախապատրաստությունը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, պահելը) և 236-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր պատրաստելը) հատկանիշներով։

Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներից կազմված օպերատիվ-քննչական խմբերի կողմից միաժամանակ 19 խուզարկություն է իրականացվել առանձին անձանց բնակարաններում և ավտոմեքենաներում, որոնց արդյունքում հայտնաբերվել են գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, այդ թվում՝ վառոդային լիցքեր, էլեկտրական բոցավառիչներ (դետոնատոր), հրահաղորդ քուղեր (ֆիթիլ) և ինքնաշեն պայթուցիկ նյութերի ու պայթուցիկ սարքերի այլ բաղադրատարրեր։ Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Հ.Բ-ն և Շ.Մ-ն, ինչպես նաև վերջիններիս ենթադրյալ 4 հանցակիցները բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ և ձերբակալվել։

Ներկայումս իրականացվում են անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ ենթադրաբար կատարված հանցանքների հանգամանքները պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու, ինչպես նաև քրեական օրենսգրքով արգելված արարքների կատարմանը ներգրավված բոլոր անձանց բացահայտելու ուղղությամբ։ Նախաքննական մարմինն առավելագույն ջանք է գործադրելու գործի քննության անաչառ ընթացքն ապահովելու, անձանց ինչպես մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ արդարացնող հանգամանքները պարզելու համար։

Ազգային անվտանգության ծառայությունը հետևողական է հանցագործություններից անձանց, հասարակության և պետության պաշտպանությունն ապահովելու իր գործառույթների իրականացման հարցում և ահաբեկչական ու ծայրահեղական դրսևորումները բացահայտելու, կանխելու և խափանելու ուղղությամբ ձեռնարկվող հակազդման հատուկ միջոցառումները կրում են շարունակական բնույթ։

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող նկրտումների ցանկացած դրսևորումներից, միաժամանակ ազգաբնակչությանը, այդ թվում՝ հավաքների մասնակիցներին կոչ է անում ցուցաբերել առավել զգոնություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

ԱԱԾ-ն խոստանում է շուտով նաև տեսանյութ հրապարակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում