Լույս է տեսել Վիկտոր Կոնոպլյովի «Հայաստանը սիրո աղբյուր» գիրքը

Մայիսի 7-ին ժամը 18.00-ից «Дом русской книгы» (Ռուսական գրքի տուն) խանութ-սրահում տեղի կունենա հանդիպում «Հայաստանը սիրո աղբյուր» գրքի հեղինակ Վիկտոր Կոնոպլյովի հետ:

«Ֆիլին» Երևանյան հրատարակչությունում լույս է տեսել Վիկտոր Կոնոպլյովի «Հայաստանը սիրո աղբյուր» բանաստեղծությունների ժողովածուն: Գիրքը հրատարակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, «Նիժեգորոդսկի հայկական համայնք» հասարակական կազմակերպության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության աջակցությամբ:

Ձեռնարկում ներառված են բանաստեղծություններ Արցախի, Հայաստանի և հայերի մասին, որոնք բանաստեղծը գրել է 2006-2012թթ. ընկած ժամանակաշրջանում, ինչպես նաև դրանց թարգմանությունները, որոնք կատարվել են բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, Արցախի Պետական Համալսարանի պրոֆեսոր Սոկրատ Աղալարի Խանյանի կողմից:

Ձեռնարկի նախաբանը գրել է հանրահայտ բանաստեղծ, հրապարակախոս, ճանապարհորդ, հասարակական գործիչ Զորի Հայկի Բալայանը:

Շապիկի ձևավորումը կատարել է դիզայներ և «Ժամ» ամսագրի հրատարակիչ
Արմեն Հովհաննիսյանը: Գրքում տեղադրված բոլոր նկարների հեղինակն է երիտասարդ նկարիչ Մհեր Մնացականյանը:

Գրքին կցված է ձայնասկավառակ բանաստեղծությունների հեղինակային կատարմամբ: Մտքի հեղինակն է Արթուր Գալստյանը: Ձայնագրությունն ու երաժշտական ձևավորումը կատարվել է վերջինիս ստուդիայում, որը գտնվում է Երևանում:

Գրքի վաճառքից հավաքված ողջ հասույթը կտրամադրվի Արցախյան Գոյամարտի մասնակից Նորայր Զաքարյանի վիրահատմանն ու բուժմանը:

Վիկտոր Կոնոպլյովը ծնվել է 1969 թ. մարտի 22-ին Բրեստի շրջանում ք. Մալորիտայում : Ներկայումս ապրում է Նիժնի Նովգորոդ քաղաքում:Ամուսնացած է, ունի 2 երեխա:
1994 թ. Գերազանց ավարտել է Վոլգո-Վյատսկի կադրային կենտրոնը «Պետական և քաղաքային կառավարում» մասնագիտությամբ: Անցել է հետևյալ կուրսերը և ունի համապատասխան սերտիֆիկատներ.
Կառավարման գործի հոգեբանություն
Ինտեգրացված կառավարման համակարգի ձևավորման հիմքերը
Հայաստանի պատմություն
Հայկական երաժշտության պատմություն:
Ստացել է նաև Արդարադատության 3-րդ կարգի խորհրդականի կոչում:

Ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ՝ ուղղված միջհայկական և ռուս-հայկական կապերի հաստատմանը և ամրապնդմանը, Եղեռնի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցերի առաջխաղացմանը: Կոնոպլյովը հայկական թեմատիկայով մի շարք ինտերնետային նախագծերի հեղինակ է: 2010թ. Իր գործունեության համար պարգևատրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից, 2011թ. ստացել է մեդալ՝ «Արցախի Պետական Համալսարանի 40 ամյակ», 2012թ. ստացել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Ադմինիստրացիայի պատվոգիր և Զոհված Ազատամարտիկների Միության «Մայրական երախտագիտություն» մեդալ:

2012թ. «Հայ ազգ» ֆոնդի հանրագիտարանը Վիկտոր Կոնոպլյովի մասին հոդված է տեղադրել «Հայոց ազգի ընկերները» հատվածում: «LitoPedia» հանրագիտարանում նույնպես նրա մասին էջ է հայտնվել:
Կոնոպլյովը իր գրական և լրագրողական գործունեությունը սկսել է 1983թ-ից: Իր աշխատանքները տեղադրել է բազմաթիվ ինտերնետային և տպագրական հրատարակչություններում և հավաքական ձեռնարկներում («Սիրո բնորոշումներ»(2002), «40» (2009), «Հայաստանը սիրո աղբյուր» (2013)): 2004թ. Հեղինակը արժանացել է Ազգային գրական ցանցի՝ գրաքննադատության մրցույթի դիպլոմին, 2006թ.-ին՝ «Ռուսաստանի ոսկե գրիչ» դիպլոմին:

Վիկտոր Կոնոպլյովը Արցախի Հիմնի գրական ռուսերեն թարգմանության հեղինակն է: Բանաստեղծը մշտապես մասնակցում է Հայաստանում և Արցախում «Ռուսական խոաքի օրեր» նախագծին: 2011թ. նրա «Ռուսերեն սիրել Հայաստանը» բանաստեղծությունը ներառվել է Հայաստանի Հանրապետության ավագ դպրոցների 12-րդ դասարանի ռուսերեն լեզվի դասագրքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում