Կարմիր Շուկայում բացվել է զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձան
Նմանատիպ
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին այցելել է Մարտունու շրջանի Կարմիր Շուկա ավան եւ մասնակցել զոհված ազատամարտիկների հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:
Երկրի ղեկավարը կարեւորել է Արցախի անկախության եւ ազատության համար նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանների կառուցումը եւ շնորհակալություն հայտնել բարերար Մհեր Ոսկանյանին նախագծի իրականացման համար:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Կարմիր Շուկայի բնակիչներն անձնվիրաբար մարտնչել են Արցախի բոլոր ճակատներում, իրենց դրսեւորել որպես խիզախ ու քաջարի մարտիկներ եւ այսօր էլ ծառայում են Պաշտպանության բանակի շարքերում, ակտիվորեն ներգրավված են պետականաշինության գործում: Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ ավանի բնակիչները նման եռանդով կշարունակեն ապրել եւ աշխատել’ ի փառս մեր պետության ու ժողովրդի: Եվ հենց դա է, ըստ երկրի ղեկավարի, մեր բոլոր մարտիրոսված քույրերի ու եղբայրների հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը:
Այնուհետեւ, Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության համար եւ Հաղթանակի օրվա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձի կապակցությամբ երկրի ղեկավարը պետական պարգեւներ եւ արժեքավոր նվերներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների, որոնցից 1-ը՝ հետմահու:
Միջոցառումանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում