Արմեն Մարտիրոսյանը քվեարկեց համակարգային փոփոխությունների օգտին

«Բարև Երևան» դաշինքի առաջին համար Արմեն Մարտիրոսյանն այսօր իր քաղաքացիական պարտքն է կատարել Երևանի 16 թաղամասում գտնվող 6/28 ընտրատեղամասում: Ինչպես տեղեկացնում է Times.am-ի թղթակիցը, Մարտիրոսյանն ընտրությունների էր եկել միայնակ: Այս փաստը նա բացատրեց այն հանգամանքով, որ ընտանիքի անդամները’ որպես վստահված անձինք աշխատում են այլ տեղամասերում: Ընդդիմադիր դաշինքի թեկնածուն նշեց, որ քվեարկել է Երևանում համակարգային փոփոխությունների համար:

Արմեն Մարտիրոսյանը նաև նշել է, որ «Բարև Երևան» դաշինքն արձանագրել է մի շարք խախտումներ: «Դրանց մի մասն արձանագրված է: Բայց շատ են դեպքերը, երբ ընտրական հանձնաժողովների նախագահները հրաժարվում են նկատված խախտումների մասին արձանագրություն կազմել, ինչը օրենքի կոպիտ խախտում է», – նկատեց Արմեն Մարտիրոսյանը:

Նշենք, որ 6/28 ընտրատեղամասում գրանցված են 1763 ընտրող, որոնցից 11:30-ի դրությամբ քվեարկել են 300-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում