Ոստիկանությունը պարզաբանում է համացանցում զետեղված տեղեկատվությունը

www.zham.am համացանցային կայքում տարածված տեղեկատվության համաձայն՝ Աթոյան անցուղի 1, բն. 30 հասցեի բնակիչ Ռոբերտ Ավետիքյանը հայտարարել է, որ իր բնակարանում գրանցված է մի քաղաքացի, ով վերջին 15 տարիներին բնակվում է Մեծ Բրիտանիայում, ՀՀ քաղաքացի չի հանդիսանում, սակայն վերջինիս տվյալները մշտապես առկա են լինում ընտրացուցակներում: Ըստ քաղաքացու՝ բազմիցս դիմել է ոստիկանություն, սակայն անծանոթ քաղաքացուն իր բնակարանի հաշվառումից հանելու ուղղությամբ որևէ գործողություն չի ձեռնարկվել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նույն կայքէջում նշվել է նաև, որ 1931 թ. ծնված Արծրունիկ Մեսրոպյանը մահացել է շուրջ 4 տարի առաջ, սակայն պատկան մարմինները նրա տվյալները համառորեն չեն հանում ընտրացուցակներից:

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Ռուբեն Շմավոնի Սարգսյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի և 28.10.1996 թ.-ից մինչ օրս հաշվառված է Երևան քաղաքի Աթոյան անցուղի 1 շենքի բն. 30 հասցեում: Ռ. Սարգսյանին նշված հասցեի հաշվառումից հանելու խնդրով Ռոբերտ Գրիգորի Ավետիքյանը Էրեբունու անձնագրային ծառայություն է դիմել միայն 2013 թ. ապրիլի 23-ին (հաշվառումից հանելու վերաբերյալ Ռ. Սարգսյանը նախկինում երբևէ չի դիմել):

ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշման 1-ին հավելվածի 13.1 հոդվածի համաձայն՝ անձնագրային ծառայությունը նույն օրը անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանում հարցում է կատարել դիմումատուի և հաշվառված անձի գույքային իրավունքները պարզելու համար, որի պատասխանը դեռևս չի ստացվել: Ըստ նույն որոշման՝ անձնագրային ծառայությունները իրավասու չեն իրականացնելու հաշվառումից հանելու գործողություններ’ առանց անշարժ գույքի կատաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից գրավոր հավաստում ստանալու:

Ինչ վերաբերում է Աթոյան անցուղի 14 շենքի բն. 32 հասցեում հաշվառված Արծունիկ /այլ ոչ թե’ Արծրունիկ/ Բարսեղի Մեսրոպյանի մահացած լինելու հայտարարությանը, ապա ըստ հասցեի հարևանությամբ բնակվող անձանց հայտարարությունների՝ Ա. Մեսրոպյանը մի քանի տարի առաջ մահացել է ՀՀ սահմաններից դուրս:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արծունիկ Բարսեղի Մեսրոպյանը մահացել է ՀՀ սահմաններից դուրս, վերջինիս մահվան վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ ոստիկանությունում չի ստացվել: Բացի այդ’ ընտրացուցակների ճշգրտման գործընթացի շրջանակներում քաղաքացու մահվան վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել նաև վերջինիս հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց կողմից:

Հարկ է նշել, որ մահվան փաստի վերաբերյալ ռեգիստրը վարող մարմնին օրենսդրությամբ սահմանված կարգով չտրամադրված տեղեկատվության առկայությունը ընտրողների ցուցակում ՀՀ ընտրական օրենսգրքի իմաստով անճշտություն չի համարվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում