Հավաքական մկրտություն Ջավախքում (տեսանյութ)
Նմանատիպ
Մայիսի 4-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Վրաստանի Հայ Օգնության Միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ անապահով ընտանիքների երեխաների, ծնողազուրկների եւ տարեց մարդկանց մկրտության Սբ. արարողություն: ՎՀՕՄ-ի եւ եկեղեցու կողմից կազմակերպած մկրտության արարողության ընթացքում մկրտվեցին մոտ երկու տասնյակ երեխաներ: Ավագ քահանա Տեր Եղիշե Հարությունյանի խոսքերով’ ցանկացած մարդ ստանալով Սբ. Մկրտություն դառնում է Հիսուս Քրիստոսի հետեւորդը եւ պարտավորվում է ապրել ըստ եկեղեցու պատվիրանների: Այս մասին տեղեկացնում է Akhaltskha.net լրատվական կայքը:
Մկրտության արարողության ժամանակ բոլոր մկրտվողներին Վրաստանի Հայ Օգնության Միության կողմից բաժանվեցին փոքրիկ խաչեր:
Եկեղեցու Սբ. Մկրտությունը ստացած երեխաների ծնողների խոսքերով’ ՎՀՕՄ-ի եւ Հայ Առաքելական եկեղեցու կողմից կազմակերպված մկրտությունը շատ կարեւոր է եւ ողջունելի, քանզի շատերը տվյալ նախաձեռնության շնորհիվ դարձան ճշմարիտ քրիստոնյաներ եւ բազմադարյա հայ եկեղեցու հետեւորդներ:
Մկրտվողների պատվին եկեղեցու բակում Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնի սաները պարեցին հայկական ազգագրական պարեր, ինչից հետո բոլոր ներկաներին բաժանվեց մատաղ:
Մատաղը ճաշակելու համար եկեղեցի էին հրավիրվել նաեւ անցյալ տարի ՎՀՕՄ-ի «Ճաշի օր» ծրագրով մասնակցած անապահով տարեց մարդիկ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում