Եթե Վ. Օսկանյանը չգլխավորեր ԲՀԿ ցուցակը, գուցե ավելի մեծ ցուցանիշներ գրանցեր. Լ. Շիրինյան

Հայաստանի հանրապետական կուսակցության համար Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակը դժվար պայքարի արդյունքում տրվեց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին կարծիք հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

Նրա խոսքով’ Երեւանի ավագանու ընտրություններն առաջին հերթին քաղաքի կառավարչի ընտրություններ են, ոչ թե’ քաղաքական կուսակցությունների:

«Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի բնակիչը գնաց եւ ընտրեց մենեջերի: Կարծում եմ, սա շատ դժվար հաղթանակ էր: Չգիտեմ իրենք հանրապետականներն ինչպես կգնահատեն, սակայն սա շատ դաժան կռիվ էր, շատ ուժեղ պայքար կար: Իսկ արդյունքը սպասելի էր»,- ասաց Շիրինյանը: Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը եթե գլխավորեր ոչ թե Վարդան Օսկանյանն, այլ քաղաքական մեկ այլ գործիչ, գուցե ավելի մեծ ցուցանիշներ գրանցեր. «Օսկանյանի կերպարը որպես քաղաքի կառավարչի այդքան էլ ընկալելի չէ հանրության համար»:

Անդրադառնալով «Բարեւ Երեւան» դաշինքին’ Շիրինյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չպետք է եզրակացություն անի, թե այս ընտրություններն իր «Բարեւ»-ի հեղափոխությանը վնաս են հասցրել:

«Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է կարողանա ընդդիմադիր լիդերի իր դերակատարության մեջ մտնի, ինչը Հայաստանի քաղաքական գործընթացները շատ լավ ուղղությամբ կտանեն»,- հավելեց Շիրինյանը:

«Եթե Րաֆֆին ներկայանալի է որպես քաղաքական գործիչ նախագահական ընտրությունների ժամանակ, ապա ժողովրդի համար անհասկանալի է Երեւան քաղաքի հարցերով զբաղվող Րաֆֆու կերպարը»,- պարզաբանեց քաղաքագետը’ հավելելով, որ ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի արդյունքները ժողովորդի ադեկվատ պատասխանն է նրանց’ տարիների կատարած գորունեությանը: Ըստ նրա’ այս երկու կուսակցություններն էլ պետք եզրակացություններ անեն եւ կուսակցության քաղաքական ղեկավարության փոփոխություններ իրականացնեն:

«ՀՅԴ-ն գաղափարական ճգնաժամ է ապրում’ կարծելով որ կարեւոր չէ անձը, այլ’ կուսակցության գաղափարը: Կարեւոր է եւ անձը, եւ նրա ներկայացրած գաղափարը»,- ընդգծեց Շիրինյանը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում