Սերժ Թանկյանը և Նիկոլ Փաշինյանը ելույթ են ունենալու Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում

Սերժ Թանկյանը և Նիկոլ Փաշինյանը ելույթ են ունենալու Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը և աշխարհահռչակ System of a Down ռոք-խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը ելույթ են ունենալու մայիսի 7-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում մայիսի 6-ին տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել նրա հետ, և ինքնաթիռի վայրէջքը նախատեսված է 20։05-ին, և կարծում եմ, մենք 21։00-ին կարող ենք արդեն լինել Հանրապետության հրապարակում, որտեղ Սերժ Թանկյանը և ես կարճ ելույթով հանդես կգանք, նաև հաջորդ օրվա անելիքները կպլանավորենք»,- նշեց Փաշինյանը։

Նա հավելեց, որ «իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան դիմավորել և ողջունել Սերժ Թանկյանին։ Եկեք պայմանավորվենք, որ մենք այդ արարողությունը շատ մեծ մասշտաբով և բարձր տրամադրությամբ կկազմակերպենք» և ասաց. «Ովքեր ուզում են ճամփեզրին դիմավորման արարողություն կազմակերպել օդանավակայան-Փարաքար-Երևանի Իսակովի պողոտա ճանապարհի ճամփեզրին, կարող են, ըստ ճաշակի, այդպես վարվել»։

Մայիսի 8-ին Հայաստանի Ազգային ժողովում կայանալու են ՀՀ վարչապետի ընտրություններ, որտեղ միակ առաջադրված թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում