Էդ. Նալբանդյան. Հայաստանը շահագրգռված է զարգացնել քաղաքական երկխոսությունը Ֆինլանդիայի հետ

Մայիսի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան Քրիստեր Միխելսոնին (նստավայրը՝ Հելսինկի)’ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան և հույս հայտնեց, որ նա իր գործունեությամբ կնպաստի տարբեր ոլորտներում հայ-ֆիննական փոխգործակցության զարգացմանը:

Նախարարը հավելեց, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել քաղաքական երկխոսությունը Ֆինլանդիայի հետ՝ բարձր մակարդակի փոխայցելությունների, ԱԳՆ-երի խորհրդատվությունների անցկացման, խորհրդարանական դիվանագիտության միջոցով։ Նշվեց առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Միխելսոնը նշեց, որ Ֆինլանդիան կարևորում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը, փոխգործակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում